Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսեց «Երկիր» օրաթերթի դեմ իր ներկայացրած հայցով դատավարության մասին:

«Երկիր»-ի դատից ասեմ, որ իրանք իրանց չափը լրիվ անցեր են, որովհետեւ կարող եմ միանգամից սենց էլ հայտարարեմ, որ չափը անցել են, որ նրանք սուտ բաներ գրելով իրանք չեն կարա իրենց աշխատանքը, իրենց լրագրողներով... նորից եմ ասում, որ դարձել են մի քանի մարդկանց ձեռի գործիք էդ լրագրողները, որ ճիշտ լուր չեն տալում», - հայտարարեց հանրապետական պատգամավորը:

«Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը պատգամավորի վերոհիշյալ հայտարարության առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կարծում եմ, Արզաքանցյանի խոսքերը լսողը որեւէ մեկնաբանության կամ արձագանքի կարիք չի էլ զգում, որովհետեւ բացարձակապես անհոդաբաշխ ինչ-որ բան է ասվում` չափի մասին, գործիքի մասին... Դա երեւի իր պատկերացումներն են, որը որեւէ տրամաբանության մեջ չի մտնում` պատկերացումներ, թե որն է թերթի չափը, տրամաբանություն, թե ինչ կարող է գրել թերթը եւ ինչ չի կարող գրել թերթը: Իսկ գործիքի մասին ուղղակի կասեմ, որ երեւի թե ինքը միայն գործիքների հետ է շփվել կամ այդ դերում է ծառայել, դրա համար ես որեւէ մեկնաբանություն նրա ասածի մասին չեմ ուզում անել»:

Հարցին, թե ի՞նչ են ակնկալում չորեքշաբթի օրը այս գործով կայացվելիք դատական վճռի հետ կապված, Եսայանը պատասխանեց. - «Դատական պրոցեսը բավականին նորմալ ընթացավ, բոլոր կողմերը հնարավորություն ունեցան իրենց կարծիքը արտահայտել: Ամեն ինչ ասվել է դատարանում, բայց այլ հարց է, թե ինչ վճիռ է կայացնելու դատարանը: Դա արդեն մի փոքր այլ խնդիր է, մենք կփորձենք այսօր մեր մեկնաբանություններում այդ գնահատականը հնչեցնել»:

Ավելի քան երկու ամիս առաջ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայցով դիմեց դատարան` ընդդեմ «Երկիր» օրաթերթի: Գինի եւ կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Արզաքանցյանը համարում է, որ օրաթերթը վիրավորել է իրեն` այս հունվարին լույս տեսած համարներից մեկում իր մասին գրելով «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», իսկ պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» եւ այլն, պատգամավորը զրպարտություն է որակում: Արզաքանցյանը թերթից պահանջում է հրապարակել իր պատասխանը, ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար որպես փոխհատուցում վճարել 3 միլիոն դրամ (շուրջ 8 հազար դոլար), եւ եւս 500 հազար դրամ` փաստաբանական ծախսերի համար:

«Երկիր»-ի ներկայացուցիչները պնդում են, թե հոդվածը հիմնված է եղել մամուլի մի շարք հրապարակումների վրա:

Նախատեսվում է, որ դատարանը այս գործով վճիռը կհրապարակի հունիսի 8-ին:

Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ հարցի, թե արդյոք տեսնո՞ւմ է իրեն հաջորդ խորհրդարանում, պատասխանեց. - «Ես անպայման դնելու եմ, որովհետեւ շատ աշխատանքներ կա կատարելու մեր, իմ ընտրատարածքում, որը ... ես հիմա զարգացնում եմ ծրագրեր»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG