Մատչելիության հղումներ

Հունիսի 7-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Վերջին երեք տարիներին հենց պետության ղեկավարի նախաձեռնությամբ արված քայլերը՝ թե՛ Հանրային խորհրդի ձեւավորումը, թե՛ կուսակցությունների ղակավարների ձեւաչափով խորհրդակցությունները անմիջականորեն վկայում են, որ իշխանությունը փաստացի ապահովում է հասարակության ներսում երկխոսության միջավայր, պատրաստ է հրատապ խնդիրները քննարկել քաղաքական ու հասարակական հնարավորինս լայն շրջանակի ներկայացուցիչների հետ։ Մինչդեռ քաղաքական ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը, որ ինքը իրեն դուրս է դրել երկխոսության այդ շրջանակից, որոշակի գործոնների ազդեցության ներքո վերանայել է իր մերժողական մոտեցումը։ Սակայն ինչ-ինչ հավակնություններից ելնելով, թերեւս, ակնկալում է «երկխոսության» յուրահատուկ կարգավիճակ՝ «պատվիրակությունների մակարդակով»»:

Նույն հարցին այլ դիրքերից է մոտենում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: Թերթը նախ արձանագրում է. - «Դատելով ամեն ինչից` իշխանությունները հակված են Կոնգրեսի հետ բանակցող պատվիրակություն չստեղծել եւ երկխոսությունը շարունակել ոչ ֆորմալ ձեւերով` մամուլով, առանձին հայտարարություններով եւ այլն»: Ապա «Չորրորդ ինքիշխանություն»-ը մեկնաբանում է իշխանությունների վարքագիծը. - «Հարց է ծագում` ո՞րն է իշխանությունների դիրքորոշման փոփոխության պատճառը: Կարծում ենք` հիմնական պատճառները երկուսն են: Առաջին. մայիս ամսվա իրադարձությունները մի տեսակ խիստ «պատրվողական» էին իշխանությունների համար, եւ հիմա նրանք խնդիր ունեն վերականգնել սասանված հեղինակությունը` բնականաբար, դիրքորոշման կոշտացման միջոցով: Պարզ ասած, ուզում են ցույց տալ, որ իրենք այնուամենայնիվ Կոնգրեսի հետ երկխոսում են ոչ «հավասարը հավասարի հետ» սկզբունքով, որովհետեւ իրենք օրինական իշխանություններ են, իսկ Կոնգրեսը ընդամենը բազմաթիվ քաղաքական ուժերից մեկն է»: Իշխանությունների վարքագծի փոփոխության երկրորդ պատճառը, ըստ թերթի, այն է, որ իշխանությունը, ի տարբերություն ՀԱԿ-ի, պարզապես չունի բանակցությունների սեփական օրակարգ:

«Երկիր» օրաթերթը գրում է. - « Օրինաչափ է, որ երկխոսությունը կուլիսներից հրապարակային դաշտ տեղափոխվելուց հետո պետք է զավեշտի վերածվեր: Երբ որեւէ մեկը փորձում է, ժողովրդի անունը շահարկելով, հասարակական պահանջների անվան տակ իր մասնավոր շահերն առաջ հրել, դրանց բավարարումից հետո հայտնվում է փակուղում: Իսկ երբ դրանից դուրս գալու միջոց է դարձնում կտրուկ անցումներով, խաղի կանոնները խախտելով, շախմատիստից ըմբշամարտիկ դառնալ, նրան հանգիստ ցույց են տալիս, որ իր տեղը մանկապարտեզում է, որ եթե ինչ-որ բան ունեն ասելու, կարող են իբրեւ այս երկրի մտահոգ քաղաքացիներ, տնով-տեղով թակել որեւէ փոխնախարարի դուռ ու խոսել իրենց դարդ ու ցավից»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Իշխանական եթերով երկխոսության, ձեռքի հետ նաեւ` ընդդիմության այս գովքը հեռահար, նաեւ մոտակա մի նպատակ է հետապնդում. կասեցնել Հայաստանում երեքուկես տարի շարունակ ծավալվող քաղաքացիական զարթոնքը, հանրությանը կրկին նետել դեպրեսիայի, ապատիայի խորխորատներ, որ նա նորից իրեն դուրս զգա խաղից, կրկին վերագտնի «ինձնից ոչինչ կախված չէ» զգացողությունը: Այս իրավիճակի ֆոնին, ահա, հարկ եմ համարում ընդգծել. բոլոր պարագաներում, միշտ եւ ամենուր երկխոսությունը լավ է կոնֆլիկտից: Եթե որեւէ հարց հնարավոր է լուծել երկխոսությամբ, չի կարելի այդ հարցը լուծել առճակատմամբ: Վերջին նախադասության մեջ առանցքայինը, սակայն, «լուծել» բառն է: Այս իմաստով, ահա երկխոսության շուրջ անիմաստ էյֆորիան պետք է ուղղակի դադարեցնել: Մենք բոլորս, բոլորս պետք է հասկանանք, որ երկխոսությունը ցնցումներից խուսափելու շանս է, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ շանսը կօգտագործվի»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Հայ-իրանական՝ ընդհանուր առմամբ ավելի քան 600 մլն դոլար արժողությամբ երեք էներգետիկ նախագծերը, որոնք իրականացվելու են իրանական միջոցների հաշվին, այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Մայիսի վերջին հայտարարվեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կսկսվի Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, չնայած այս նախագծի հիմնարկեքը տրվել էր անցած տարվա հոկտեմբերի 14-ին։ Այս տարվա ապրիլին էլ պետք է սկսվեր «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, բայց այդ նախագծի մեկնարկն այդպես էլ չի տրվել։ Անորոշ է նաեւ Թավրիզ-Երասխ նավթամթերք տեղափոխող խողովակաշարի ճակատագիրը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG