Մատչելիության հղումներ

Քոչարյանները շահեցին «Ժամանակ»-ի դեմ դատը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկուշաբթի օրը մասնակի բավարարեց Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի:

Դատարանը թերթին պարտավորեցրեց հերքել Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի անդամների պատվին ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաեւ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցել 3 միլիոն դրամի չափով վնասը: Եւս 3 միլիոն Քոչարյանները պահանջում էին որպես փաստաբանական ծառայությունների վճար, սակայն դատարանը այս մասով մերժեց հայցը:

Թերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վճռի հրապարակումից հետո հայտարարեց, թե այն ամբողջությամբ հակաօրինական է. - «Սա իրավաբանությունից հեռու որոշում է, եթե իրավաբանական չէ, ուրեմն քաղաքական է», - ասաց փաստաբանը:

«Ժամանակ»-ը անցած տարվա իր երեք հրապարակումներում գրել էր, թե Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղագործական բիզնեսով, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը ոմն ձեռնարկատերից խլել է առեւտրային կազմակերպություն: Հրապարակումներից մեկի համաձայն էլ` Սեդրակ Քոչարյանը ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Դատական նախորդ նիստերից մեկում «Ժամանակ»-ը հանդես էր եկել հաշտության առաջարկով, սակայն Քոչարյանների ընտանիքի ներկայացուցիչները առաջարկից հրաժարվել էին: Այս գործով վճիռը պետք է հրապարակվեր դեռ մայիսի 5-ին, սակայն դատարանը գործի նոր քննություն նշանակեց, բայց երկրորդ նիստից հետո դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ըստ թերթի փաստաբանի` անտրամաբանական է, որ դատարանը օրինական է համարում հայցվորի պահանջները, սակայն մերժում է փաստաբանական ծառայությունների վճարի մասով նրա պահանջը, քանի որ այդ պահանջները «փոխկապակցված էին իրար հետ»:

«Եթե հայցվորը ճիշտ էր, տրամաբանորեն պետք է բավարարվեր նաեւ այն գումարը, որ ինքը ծախսել էր իր իրավունքները վերականգնելու համար: Այսինքն, սա շինծու գործարք է», - հայտարարեց փաստաբանը:

«Ժամանակ»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսել էր, թե հնարավոր է` դատարանը որոշի վերսկսել դատաքննությունը: Ըստ խմբագրի` Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ նախանշված երկխոսությունը երկրում որոշակի մթնոլորտ է փոխել, եւ քանի որ «Ժամանակ»-ը պաշտպանում է ՀԱԿ-ի քաղաքական գիծը, խմբագիրը կարծիք էր հայտնել, թե դատարանը կարող է հօգուտ թերթի վճիռը կայացնել: Այսօր Բաբաջանյանը ասաց, թե առայժմ չի ցանկանում մեկնաբանություն անել:

Սակայն ուշագրավ հայտարարություն արեց թերթի փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` իր ձեռքի տակ կա մի անստորագիր տեղեկանք, որը, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, գրել է այս գործով դատավոր Արայիկ Մելքումյանը:

«Տեղեկանքից ակնհայտ երեւում էր, որ դատավորը իր կարծիքը գրել էր, թե ինչպես կարելի է կողմին օգնել: Մանրամասն գրված է, թե ինչպես պետք է իմ բերած հակափաստարկները մերժվեն: Փակագծերի մեջ գրված է, թե կոնկրետ ո'ր հակափաստարկը ինչպես պետք է մերժվի: Կա'մ կազմել են, որ դատավորը դա արտագրի իր վճռի մեջ, կամ դատավորը ներկայացրել է իր դիտարկումները, որպեսզի հավանության արժանանան, մտցնի վճռի մեջ», - հայտարարեց փաստաբանը:

Բաղդասարյանն ասում է, որ պատահաբար է տեսել այդ տեղեկանքը եւ դատավորին խնդրել է պատճենահանել ողջ հայցադիմումն ու պատասխանը:

«Դատավորը պատահաբար այդ փաստաթուղթը մինչեւ այս գործով վճիռ կայացնելը կցել էր գործին, այսինքն մենք տեղյակ էինք, որ նման որոշում է կայացնելու: Անիմաստ է դարձել փաստաբանի կամ կողմերի ներկայությունը առաջին ատյանի դատարանում, եթե վճիռը կայացվում է ոչ թե դատավորի, այլ վերադաս մարմնի կողմից», - ասաց Բաղդասարյանը:

«Ժամանակ»-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ վճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: Քոչարյանների ներկայացուցիչները չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին:

please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG