Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական բանակցություններ Ժնեւում


Տեսարան Ժնեւից
Տեսարան Ժնեւից
Երեքշաբթի օրը Ժնեւում տեղի կունենան ռուս - վրացական բանակցություններ:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչը ճեպազրույցում հաղորդել է, որ Ժնեւում ռուսաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը:

Լուկաշեւիչի խոսքերով, Ժնեւում քննարկվելու են Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերը:

«Վերջին ամիսներին Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններին տեղի են ունեցել մտահոգիչ միջադեպեր, մարդիկ են զոհվել», - ասել է Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նրա փոխանցմամբ, նկատելիորեն ակտիվացել են Վրաստանի հատուկ ծառայությունները եւ դիվեսիոն խմբերը, որոնք գործողություններ են իրականացրել «հարեւան երկրների տարածքում» (խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին է):

Ժնեւում կքննարկվեն նաեւ հումանիտար հարցեր, մասնավորապես` փախստականների եւ տարագրվածների վերադարձը:

Վրաստանի պատվիրակությունը Ժնեւում ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Գիա Բոկերիան:

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Քալանդաձեն երկուշաբթի օրը ասել է, որ վրացական պատվիրակության համար բանակցություններում ամենահրատապը «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում» մարդու իրավունքների ոտնահարման եւ բնակիչների անվտանգության խնդիրն է:

«Վրացական կողմը արծարծելու է մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի հարցը, երբ երկու երիտասարդ վրացի Սաչխերի շրջանում հարձակման են ենթարկվել Ցխինվալիի խամաճիկային ռեժիմի զինյալների կողմից եւ վնասվածքներ ստացել», - ասել է Քալանդաձեն:

Ժնեւյան հանդիպումներին մասնակցում են Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Միացյալ Նահանգների, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG