Մատչելիության հղումներ

Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է


Հայաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում, 27-ը մարտի, 2011թ.

Հայաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը Թեհրանում, 27-ը մարտի, 2011թ.

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն, ըստ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հաղորդագրության, կիրականացվի «առավել հարմար ժամկետներում»:

Նախատեսված էր, որ Ահմադինեժադը Հայաստան է ժամանելու այսօր: Հայաստանի նախագահի հրավերով կատարելիք այցի օրակարգում էին երկկողմ տնտեսական գործակցությանը, մասնավորապես` էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Իրանի նախագահի աշխատակազմի Հաղորդակցությունների եւ տեղեկատվության տարածման բաժնի պետի տեղակալ Մոհամադ-Հասան Սալեհի-Մառամը այսօր իրանական IRNA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Ահմադինեժադի այցը Երեւան հետաձգվել է, քանի որ «ընդունող կողմը չի հասցրել նախապատրաստել փաստաթղթերը, որոնք պետք է փոխանակվեին այցի ժամանակ»:

Նա հավելել է, թե Իրանի նախագահը Հայաստան կայցելի այն ժամանակ, երբ փաստաթղթերը պատրաստ կլինեն:

Իրանական մեկ այլ` ISNA գործակալության փոխանցմամբ, Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարաստը ասել է, որ Իրանի նախագահը մոտ ապագայու մ անպայման կայցելի Հայաստան:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Հայաստանը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեն, եւ երկու երկրների իշխանությունները մշտապես կապի մեջ են իրար հետ», - նաեւ ասել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակը` չհստակեցնելով, սակայն, Ահմադինեջադի այցի կոնկրետ ամսաթիվը:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, իրանական պատվիրակության կազմում ի թիվս այլ պաշտոնյաների պետք է լինեին Իրանի արտգործնախարարը, էներգետիկայի եւ առեւտրի նախարարները: Նախատեսված էին Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Քննարկվելու էին երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Նշենք` Ահմադինեժադի նախկին այցելությունը Հայաստան տեղի էր ունեցել 2007թ., բայց նրա այդ այցը շատերի համար անակնկալ կերպով ընդհատվեց Ծիծեռնակաբերդ` Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելելուց ընդամենը ժամեր առաջ, երբ Իրանի նախագահն իբր իր երկրում առաջացած անհետաձգելի գործերի պատճառով հեռացավ Հայաստանից:

«Արտառոց պատճառաբանություն»


1996-98թթ. Հայաստանի արտգործնախարարությունը ղեկավարած Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրանական կողմի ներկայացրած պատճառաբանությունը արտառոց է:

Ալեքսանդր Արզումանյան

«Ընդհանրապես համապատասխան գերատեսչությունները զբաղվում են այցելության բոլոր մանրամասներով, եւ նման պատճառաբանություն, որ հյուրընկալվող կողմը մեղադրում է հյուրընկալ կողմին, որ փաստաթղթերը նախապատրաստված չեն, իրոք արտառոց կարելի է անվանել», - ասաց նախկին արտգործնախարարը:

Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ Իրանի նախագահի այցի հետաձգումը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես խանդով է վերաբերվել, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներում Իրանը ներկայացված չի եղել եւ, հավանաբար, Դովիլում ընդունված հայտարարությունը, եւ այն, որ հստակ ժամկետ է դրվում, որ Ռուսաստանում ինչ-որ առաջխաղացում պետք է լինի, Իրանի Իսլամական Հանրապետությանը այնքան էլ դուր չի գալիս», - ասաց Արզումանյանը: - «Գիտեք, որ Իրանը մշտապես արտահայտվել է ընդդեմ հնարավո՞ր միջազգային խաղաղարար ուժերի տեղակայմանը այս տարածաշրջանում առանց Իրանի կարծիքը հաշվի առնելու»:

Նախկին արտգործնախարարը չբացառեց նաեւ, որ այցի հետաձգման պատճառ կարող է լինել Իրանի ներքաղաքական լարված վիճակը` Ահմադինեջադը լուրջ հակասություններ ունի Իրանի գերագույն առաջնորդի հետ:

Վահան Հովհաննիսյան
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Իրանի նախագահի հետաձգված այցի վերաբերյալ, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ասել էր. - «Ամենայն հավանականությամբ Իրանի նախագահի օրակարգում վերջին պահին հարցեր են մտցվել, որոնք ներպետական քննարկման ու Երեւանի հետ ճշգրտման կարիքն ունեին»:
XS
SM
MD
LG