Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցությունը ողջունում է իշխանության եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի երկխոսությունը


Հայաստան -- Վահան Հովհաննիսյանի ասուլիսը Ազգային ժողովում, Երեւան, 6-ը հունիսի, 2011թ.

Հայաստան -- Վահան Հովհաննիսյանի ասուլիսը Ազգային ժողովում, Երեւան, 6-ը հունիսի, 2011թ.

Դաշնակցությունը չի խանդում իշխանության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երկխոսությանը: Ավելին` ողջունում է նրանց քայլը: Խորհրդարանում այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Այդ գործընթացի ամենադրական արդյունքը Հովհաննիսյանը համարում է այն, որ Հայաստանում վերջապես գաղափարական պայքար կծավալվի:

«Ի՞նչ է ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը` Հայաստանը չի կարող դիմանալ, եւ կարող է լավ ապրել մենակ ու մենակ Ղարաբաղը հանձնելու պարագայում: Մյուս կողմից, Դաշնակցությունը ասում է` ոչ, կարելի է դիմանալ ու զարգանալ չզիջելով, որովհետեւ մենք այդ պոտենցիալը ունենք», - պարզաբանեց Դաշնակցություն խմբակցության ղեկավարը: Նույն հարցի վերաբերյալ իշխանության դիրքորոշումը Վահան Հովհաննիսյանը գնահատեց «ունիկալ» ու ընդգծեց. - «Հիմա տեսեք, թե ի՞նչ է ասում իշխանությունը` կարելի է դիմանալ, շատ ցանկալի է դիմանալ, բայց ես չեմ կարող»:

Հայ ազգային կոնգրես – իշխանություն երկխոսության պտուղները արդեն երեւում են, կարծում է Հովհաննիսյանը: - «Ե՛վ իշխանության, ե՛ւ ընդդիմադիր ՀԱԿ-ի կողմից կա հարձակում ՀՅԴ-ի վրա»:

Այս, իր գնահատմամբ` «համատեղ» հարձակումը Դաշնակցության խմբակցությանը ղեկավարը բացատրում է նրանով, որ ՀԱԿ-ը նոր թիրախ է փնտրում, իշխանությունը նրա համար այլեւս թիրախ չէ: Ընդ որում, Դաշնակցական գործիչը շատ ողջունելի է համարում իր կուսակցության դեմ այս «հարձակումը»:

«Անկեղծ եմ ասում, որովհետեւ մենք շատ ավելի լավ ենք մեզ զգում, երբ մեզ սկսում են հարվածել: Գիտեք, դա մազոխիզմ չէ: Ուղղակի մեր տեսակն այդպիսին է` ով որ նույնիսկ հավես չուներ պայքարելու, հիմա արդեն մոտիվացիա ունի, դրա համար շնորհակալություն ենք հայտնում հարձակումների համար», - հավելեց Հովհաննիսյանը:

Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների շուրջ չի երկխոսի որեւէ ուժի հետ: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով այս զարգացումները` Դաշնակցության խմբակցության ղեկավարը ասաց. - «Տրամաբանությունը ասում է, որ եթե դու պահանջում ես երկխոսել կոնկրետ օրակարգով, իսկ դիմացից ասում են, որ` չէ, ես այդ օրակարգով չեմ երկխոսելու, դու պիտի լուծարես քո ստեղծած այդ պատվիրակությունը ու ասես` դե, եթե այս թեմայով չես խոսելու, ես քո հետ խոսելու բան չունեմ: Բայց դա կարծես թե տեղի չի ունենում: Նշանակում է, որ կողմերից մեկը ընդունում է, որ քննարկումների օրակարգում կարող է փոփոխություն տեղի ունենալ»:

Ի դեպ` Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող է արտահերթ ընտրություններ անցկացնելու անսպասելի որոշում ընդունել:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցով Կազանում հունիսի վերջին կայանալիք հանդիպմանը` Դաշնակցության խմբակցության ղեկավարը նշեց, որ քննարկվելու են Մադրիդյան սկզբունքները, մինչդեռ դրանց որեւէ տարբերակ Հայաստանի համար ընդունելի չի կարող լինել:

«Չգիտեմ ինչ արդյունքներ կարելի է այնտեղից ակնկալել, բայց որ ճնշումը, ՀԱԿ-ի գործունեության արդյունքում հավանաբար ուժգնացել է, սա նկատելի է», - ասաց Վահան Հովհաննիսյանը:

Եվրոպացիների ճնշումը Հայաստանի վրա ժողովրդավարություն հաստատելու համար չէ: Պատճառը Ղարաբաղն է` համոզված է Հովհաննիսյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG