Մատչելիության հղումներ

Թուրքիայում նախընտրական մթնոլորտ է


Թուրքիա -- Վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում նախընտրական հանդիպում է անցկացնում իր կողմնակիցների հետ, 27-ը ապրիլի, 2011թ.
Թուրքիա -- Վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում նախընտրական հանդիպում է անցկացնում իր կողմնակիցների հետ, 27-ը ապրիլի, 2011թ.
Որ Թուրքիայում մի քանի օրից ընտրություններ են` կարելի է կռահել Ստամբուլ ժամանելուց մի քանի րոպե անց:

Երկրում առաջինը բացված ընտրատեղամասը գործում է հենց Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ժամանման սրահում՝ սահմանապահ անցակետերի հարեւանությամբ: Արդեն մի քանի օր է, ինչ այստեղ քվեախցիկներ են տեղադրված, մոտ մեկ տասնյակ սեղանների մոտ նստած են ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրողների ոչ այնքան աշխույժ հոսք եւս առկա է:

Օդանավակայանի թերեւս ամենաբանուկ այս հատվածում կարող են քվեարկել բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն լինի առաջիկա կիրակի օրը այցելել տեղամասեր: Ուղեւորների նշումներով քվեաթերթիկները առանձին պարկերի մեջ են տեղադրվում եւ կապարակնքվում՝ մինչեւ հունիսի 12-ի ընտրությունների արդյունքների պաշտոնական հաշվարկը:

Ինչ վերաբերում է բուն ընտրարշավին, ապա ընտրություններից հաշվված օրեր առաջ առավել ակտիվ քարոզչություն է ծավալել վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրա պատկերն ամենուրեք է՝ ավտոբուսներից մինչեւ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված մեծ էկրանները:

Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի շենքերից մեկի վրա տեղադրված Էրդողանի լուսանկարի հարեւանությամբ ավելի մեծ մի պաստառ կա, որի վրա պատկերված է այսօրվա Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկը՝ հայազգի Հայկո Ջեբքինը: Ի տարբերություն Էրդողանի, սակայն, նա ոչ թե կուսակցություն է գովազդում, այլ բջջային կապի օպերատորներից մեկի ծառայությունները:

Ընտրարշավի վերջին օրերն անցնում են բավական բուռն մթնոլորտում:

Կիրակի օրը Էրդողանը նախընտրական հանդիպումներ անցկացրեց Ստամբուլի նույն այն շրջաններում, որտեղ նախորդ օրը ընտրողների հետ էր հանդիպել ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքական ոստիկանությունը պնդում է, որ Էրդողանի հանրահավաքին մասնակցել է շուրջ 20 հազար մարդ, ինչը անհամեմատ ավելի շատ է, քան փողոց դուրս եկած` Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմնակիցների թիվը: Հարկ է նշել, սակայն, որ իսլամիստները իրենց կողմնակիցներին կազմակերպված ձեւով տեղափոխում էին մի հանրահավաքի վայրից մյուսը՝ շատ հաճախ նաեւ երթուղիներից հանված հասարակական տրանսպորտով:

Ստամբուլի բնակիչներին դիմելով` Էրդողանը կիրակի օրը հայտարարեց. - «Մի քանի տարի հետո այս քաղաքը կունենա Բոսֆորը հատող երեք կամուրջ եւ երեք միջազգային օդանավակայան»:

Այս հայտարարությանը բավական արագորեն արձագանքեց թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին: «Տպավորություն է ստեղծվում, կարծես Էրդողանը մասնակցում է ոչ թե համապետական, այլ քաղաքապետի ընտրություններին», - Մալաթիայում ունեցած ելույթում հայտարարեց ազգայնականների առաջնորդը:


Գեւորգ Ստամբոլցյան, Ստամբուլից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG