Մատչելիության հղումներ

logo-print

Բելառուսը ԵվրԱզԷՍ-ից կստանա 3 միլիարդ դոլարի վարկ


Բելառուս - Մինսկի խանութներից մեկում, մայիս, 2011թ.

Բելառուս - Մինսկի խանութներից մեկում, մայիս, 2011թ.

Բելառուսը ԵվրԱզԷՍ-ի (Եվրասիական տնտեսական ընկերակցություն) հակաճգնաժամային հիմնադրամից կստանա 3 միլիարդ դոլարի վարկ` 10 տարով, եւ այս վարկը տրամադրելու նախապայմաններից մեկը բելառուսական ընկերությունների սեփականաշնորհումն է:

Ընդհանուր առմամբ, 7.5 միլիարդ արժողությամբ ընկերություններ պետք է սեփականաշնորհվեն երկրում:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե թույլ չի տա, որպեսզի ռուսական ընկերությունները սեփականաշնորհեն բելառուսական ռազմավարական նշանակության օբյեկտները:

Բելառուսին վարկ տրամադրելու որոշումը ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային խորհուրդը կայացրել է հունիսի 4-ին:

Հայտարարելով որոշման մասին` Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը փոխանցել է, որ վարկը վերադարձնելու համար Բելառուսի իշխանությունները պարտավոր են սեփականաշնորհում անցկացնել, քանի որ միայն դրա միջոցով հնարավոր կլինի նոր ներդրումներ բերել երկիր:

3 տարվա ընթացքում Բելառուսի իշխանությունները պետք է 2.5 միլիարդ դոլարի սեփականաշնորհում անցկացնեն:

Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առաջին տարին Բելառուսը կստանա 1.2 միլիարդ դոլար, երկրորդ տարին` 800 միլիոն, եւ երրորդ տարին` եւս 1 միլիարդ դոլար:

Բելառուսի իշխանությունները ավելի վաղ դիմել էին Արժույթի միջազգային հիմնադրամին` կայունացման վարկ ստանալու համար:

2011 թվականին Բելառուսի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամում: Մայիսի վերջին բելառուսական ռուբլին դեւալվացիայի է ենթարկվել, եւ այս պահին երկրում արձանագրվում է շատ ապրանքների դեֆիցիտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG