Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը չի քննադատում իշխանություն – ՀԱԿ երկխոսությունը


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է լրագրողների հետ: 19-ը մայիսի, 2011թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է լրագրողների հետ: 19-ը մայիսի, 2011թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթ օրը հայտարարեց, թե իրենք չեն քննադատում Հայ ազգայի կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ հնարավոր երկխոսությունը, ավելին` ողջունում են այն` եթե երկխոսությունը բերի արտահերթ ընտրությունների:

«Եթե հայտնի երկխոսությունը բերի արտահերթ ընտրությունների, այս ահավոր, կործանարար իրավիճակի արտահերթ լուծման, մենք միայն կողջունենք այդ արտահերթ լուծումը», - ասաց իր համախոհների հետ Ազատության հրապարակ հանդիպման եկած Րաֆֆի Հովհաննսիյանը` շարունակելով. - «Բայց եթե դրանից բացի կա մի այլ օրակարգ, որը գնում է պայմանավորվածությունների, որտեղ կդիտարկվեն այլ հարցեր, հերթական լուծումներ, Արցախի հիմնահարցում անընդունելի զիջումներ, Թուրքիա - Հայաստան հարաբերություններում անընդունելի քաղաքականության շարունակություն, այստեղ, իմ կարծիքով, ժողովուրդը արդեն կասի` ո'չ մեղսակից համագործակցությանը»:

Նա հույս հայտնեց, որ «ուշացած այդ երկխոսությունը» չի ունենա այնպիսի հետեւանք, որ «մարտի 1-ը նույնպես կոծկվի», «ոչ թե օրենքը կիրառվի, ոչ թե ճշմարությունը բացահայտվի, այլ քաղաքական պայմանավորվածությունները բերեն նրան, որ այդ անհարմար էջը փակվի»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդը հավելեց, որ սպառված չի համարում Կոնգրեսի հետ համագործակցության հնարավորությունները:

Մայիսի 21-ին, հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր քաղաքացիական բաց ժողով: Այսօր Ազատության հրապարակում հավաքի մասին ժողովում էր հայտարարել:

Հրապարակում հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, «Ժառանգության» ղեկավար անդամները, կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներ:

Դիմելով հավաքվածներին` Հովհաննիսյանը ասաց, թե պայքարը տեւական է լինելու. իշխանություններից պետք է պահանջեն «նոր Սահմանադրություն, խորհրդարանական պետություն», նաեւ` միանալ Միջազգային քրեական դատարանին, որ հայաստանյան որեւէ գործիչ ապագայում դուրս չմնա արդարադատությունից: Բացի այդ, նրա կարծիքով` Արցախն իր սահմաններով պիտի ճանաչվի, Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն, հայ-թուրքական արձանագրություններից էլ Հայաստանի ստորագրությունը պետք է հետ կանչվի:

Հանդիպման վերջում «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, որ Ազատության հրապարակ նման հանդիպումների գալու է ամեն շաբաթ օր:
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG