Մատչելիության հղումներ

Հունիսի 4-ի մամուլ


«Ժամանակ»-ը զրուցել է ԱՄՆ Ատլանտիկ խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրեն, Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Վիլսընի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայաստանի քաղաքական գործիչներից մեկը Դովիլի հայտարարությունը գնահատեց որպես «Դեյթոնի ուրվական»: Պատասխան. - «Ես չեմ կարծում, որ նախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության դեպքում կիրառել Դեյթոնի սկզբունքը: Ամեն հակամարտություն իր յուրահատուկ հանգամանքներն ունի: Եկեք չմոռանանք, որ Դեյթոնը ընդգծված ամերիկյան նախաձեռնություն էր: Լեռնային Ղարաբաղի դեպքում երեք նախագահները միասին են մտահոգություն հայտնում` հույսեր կապելով Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հրապարակելիք զեկույցի հետ»: Հարց. - «Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության մակարդակը»: Պատասխան. - «Ես զրուցել եմ ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցում են Լեռնային Ղարաբաղի քննարկումներին ԱՄՆ կառավարությունում, եւ ըստ նրանց` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը միակարծիք են այս հարցում, նրանք համագործակցում են: Այս երկու երկրները չունեն որեւէ տարակարծություն կամ անհամաձայնություն այս հարցում: Եթե դինամիկային հետեւենք, կտեսնենք, որ համանախագահները միակարծիք են եւ համագործակցում են, եւ կարծում եմ` այդպես էլ կշարունակվի»:

«Հրապարակ»-ի խմբագիրը հարցնում է. - «Իսկ ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսը, որ լիիրավ զբաղեցնում է ընդդիմության դաշտը, գնաց իշխանությունների հետ երկխոսության, իսկ, ասենք, «Ժառանգությանն» անգամ բարեւ չտվեց: Թվում է՝ շատ ավելի դյուրին է համագործակցել նրա հետ, ով պատասխանատու չէ երկրի այսօրվա վիճակի համար: Ով չի թալանել, չի քանդել ու չի ավերել, ընտրություն չի կեղծել, ապաշնորհ տնտեսական ու արտաքին քաղաքականությամբ երկիրը փակուղի չի մտցրել: Ավելին՝ Ազգային ժողովում գոնե ջանացել է, իր ուժերի ներածի չափով փորձել է օգտակար լինել հասարակ մարդկանց: Ինձ՝ շարքային քաղաքացուս, այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչով է պայմանավորված «կոնգրեսականների» բուռն ատելությունը «ժառանգականների» նկատմամբ»:

«168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը ասել է. - «Կարծում եմ` ՀԱԿ-ը սխալ է թույլ տալիս` պահանջելով արտահերթ ընտրություններ: Դա պարտություն կլինի, որովհետեւ ընտրությունները կկեղծվեն, բայց դրանից հետո բոլորը կհայտարարեն, որ ընտրությունները կայացել են, եւ իշխանությունը կդառնա լեգիտիմ: ԱԺ-ն հիմա չի աշխատում, որովհետեւ լեգիտիմ չէ: Իսկ վաղն այդ ընտրություններին ընդառաջ կգնան, ու բոլորը նորից կլծվեն նույնին` ընտրությունները կեղծելուն... Այդ պատճառով ես ինձ թույլ եմ տալիս պնդել, որ ՀԱԿ-ը սխալվում է, երբ պահանջում է արտահերթ ընտրություններ»: Միաժամանակ Հարությունյանը առաջարկել է երկխոսության` ներկայումս քննարկվող ձեւաչափի փոխարեն ստեղծել բանակցությունների այլ ինստիտուտ` կլոր սեղան. - «Միգուցե ՀԱԿ-ն իշխանության հետ պայմանավորվի, եւ կլոր սեղան ստեղծվի, որի որոշումները գնան գործադիր իշխանություն` ի կատարումն: Առանց այդ պայմանավորվածության ոչինչ չի ստացվի... Մենք դեռ արտահերթ ընտրությունների հնարավորություն չունենք: Ավելի վատ խորհրդարան կընտրվի, քան այսօր: Ավելի լավ է այսօր մի նոր ինստիտուտ ստեղծել խորհրդարանին զուգահեռ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Տեր-Պետրոսյանի հռչակած «քաղաքական օրակարգի» կետերից մեկն էլ աղմկահարույց պաշտոնանկությունների հարցն է։ Այդ խնդիրը կարո՞ղ է դառնալ սակարկության առարկա իշխանություն-ՀԱԿ բանակցություններում։ Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով. «Դա արդեն երկխոսությունը զավեշտի կվերածի։ Չեմ կարծում, թե մեր երկրում այսօր որեւէ մեկը հակված է սահմանադրական կարգը խախտելու եւ օրինականության սահմանից դուրս ինչ-որ քայլեր կատարելու։ Սահմանադրությամբ այդ լիազորությունները վերապահված են երկրի նախագահին, նախագահի գործառույթներն են, եւ եթե որեւէ մեկը փորձում է միջամտել, դա ինքնին արդեն տանում է սահմանադրական կարգի խախտման»։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը երեկ «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը ծրագրում են Հայաստան այցելել հուլիսի 21-23-ը: Համազեկուցողները այս առաքելության ընթացքում պետք է ստուգեն, թե որքանով են Հայաստանի իշխանությունները առաջընթաց գրանցել ԵԽԽՎ-ի ներկայացրած վերջին պահանջների կատարման ուղղությամբ: Իսկ պահանջները երեքն էին` քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման խոչընդոտների վերացում եւ մարտի 1-ի 10 զոհերի մեղավորների բացահայտում: Առաջին երկուսը կատարված են, երրորդը` ոչ: Հայաստանի հարցը քննարկվելու է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, եւ Հայաստանի իշխանությունները երրորդ պահանջի ուղղությամբ եւս պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն: Բացի այդ, մարտի 1-ի 10 զոհերի հարազատները պատրաստվում են համազեկուցողների այցի օրերին նստացույց սկսել»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Արման Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն: Ուշագրավ է, որ Խաչատրյանի նշանակումը կատարվել է ՀՀ օրենքի խախտմամբ: Հայաստանի կառավարության կողմից 2008թ. փետրվարին ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը գործունեություն է ծավալում «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի եւ սեփական կանոնադրության համաձայն։ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում նշված է. «Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը։ Կառավարչին ընտրում եւ պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Իհարկե, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային մրցունակության հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ ազգային մրցունակության խորհրդի նախագահն է, սակայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում որեւէ տող չկա, որ հիմնադրամի կառավարչին նշանակում է խորհրդի նախագահը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG