Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղի խնդիրը


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Վաշինգտոնում, 5-ը մայիսի, 2009թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Վաշինգտոնում, 5-ը մայիսի, 2009թ.
Հունիսի 3-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Մինչ հանդիպումը սկսելը նրանք մամուլի համար կարճ հայտարարություններ են արել:

Հիլարի Քլինթոնը, անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, ասել է, թե հավատարիմ են մնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջոցով տարվող աշխատանքներին` փորձելով լուծել «Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը»:

Էլմար Մամեդյարովը ԱՄՆ-ի պետքարտուղարին շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում «ավելի կայունություն եւ խաղաղություն հաստատելու ջանքերի համար, հատկապես հայ - ադրբեջանական հակամարտության Լեռնային Ղարաբաղի խնդրում»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը համանախագահող երեք երկրների ղեկավարների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կողմից վերջերս արված համատեղ հայտարարությունը նա օգտակար է համարել նաեւ չլուծված հակամարտությունը միջազգային հանրության ուշադրության տակ պահելու առումով:

Ինչ վերաբերում է ԱՄՆ - Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ապա Հիլարի Քլինթոնը ասել է, թե ցանկանում է ընդգծել Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի հարաբերությունների «ռազմավարական կարեւորությունը»:

Նա ներկայացրել է քննարկվող հարցերի շրջանակները՝ երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային, ինչպես նաեւ գլոբալ խնդիրներ:

Քլինթոնն ասել է, թե «հավատարիմ են Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայմանն ու խորացմանը»:

Ի պատասխան՝ Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները «բավականին լավ» են զարգանում եւ ընդգծել է, որ այդ հարաբերությունները «ռազմավարական» բնույթ ունեն:

Ավելի վաղ` մայիսի 19-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին Կազանում:

Մինչ այդ տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Մայիսի 26-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG