Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները հիասթափված են քննության ընթացքից


Մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք, արխիվային լուսանկար

Մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք, արխիվային լուսանկար

Մարտի 1-ի գործի քննությանը նոր թափ հաղորդելու մասին նախագահի ցուցումից մոտ 1.5 ամիս անց զոհվածների հարազատները հիասթափություն են հայտնում ընթացող զարգացումներից:

10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ մեծ ակնկալիքներ ի սկզբանե չուներ:

«Բայց չէի էլ պատկերացնում, որ այսպիսի պատկեր կլինի: Մտածում էի` երեւի թե կրակողներին, ցածր ատյաններում կանգնած ոստիկաններին կձերբակալեն եւ մինչեւ վերեւ չեն գնա: Տեսնելով [Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար] Վահագն Հարությունյանի հայտարարությունները, [հասկանում ես, որ] ուղղակի ծաղրում են ծնողներին, կողմնակի ամեն ինչ անում են, որ իրական հարցից շեղված լինեն եւ դա անում են ոչ թե նրա համար, որ չեն կարողանում բացահայտել, այլ միտումնավոր», - ասում է Հովհաննիսյանը;

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը անցած շաբաթ հայտարարել էր, թե հաստատվել է, որ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանը եւ ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել են զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների հետեւանքով:

Հատուկ միջոցների կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը հարցնում է. - «Իսկ ինչո՞ւ, երբ հատուկ միջոցից զոհվել է իմ որդին` գլխի հետեւի [վիրավորումից], երբ ինքը ոչ մի կերպ չէր կարող վտանգ ներկայացնել ոստիկանի համար, ինչո՞ւ մինչեւ հիմա այս ոստիկանը չի կանչվել հարցաքննության: Կես քայլ անգամ առաջընթաց չկա», - ասում է Հովյաննիսյանը:

Սարգիս Քլոյանը, ում որդին` Գոռ Քլոյանը «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցի կիրառումից է զոհվել, համոզված է, որ գործը չպետք է նորից նույն կառույցին վստահվեր, հակառակ դեպքում, ըստ նրա, ստացվում է, որ քննչական խումբը միտումնավոր չէր բացահայտում սպանությունները:

Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ցանկություն, զոհերի հարազատների համոզմամբ, իրականում չկա, թեեւ նախաքննական մարմինը վստահեցնում է, որ ոստիկաններ էլ են հարցաքննվելու:

«Այն ճյուղի վրա, որ իրենք նստել են, այդ ճյուղը երբեք չեն կտրելու: Փափուկ բարձ են ուզում դնել մեր գլխի տակ», - համոզված է Քլոյանը:

Ալլա Հովհաննիսյանը եւս ասում է, որ նախագահի հանձնարարականը նպատակ ուներ «թոզ փչել» միջազգային կառույցների աչքին:

Ալլա Հովհաննիսյանի խոսքով` անցնող ամսվա ընթացքում հարազատները համբերատար սպասում էին, հանդիպման խնդրանքով չեն դիմել Հայաստան ժամանած միջազգային կառույցների պաշտոնյաներին: Սակայն այժմ նա առաջարկելու է մյուս զոհերի հարազատներին կոշտացնել պայքարի միջոցները, մինչեւ անգամ նստացույց սկսել:

«Իշխանությունները ՀԱԿ-ի հետ կերկխոսեն եւ այլն, ես ողջունում եմ այդ ամենը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է լռենք եւ տարիներով սպասենք, թե երբ է բացահայտվելու մեր երեխաների սպանությունը», - ասում է նա:

10 զոհերից 9-ի իրավահաջորդները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել` պահանջելով ճանաչել Հատուկ քննչական ծառայության եւ Gլխավոր դատախազության անգործությունը: Սարգիս Քլոյանը համոզված է, որ սկսված գործընթացը ուղղակի ճնշում է իրենց բողոքի քննության ընթացքի վրա

«Եվրադատարանը ասելու է` նախագահի հրամանով նոր թափ են հաղորդել մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրմանը, ընթանում է նախաքննություն` սպասեք», - ասում է Քլոյանը:

Հիշեցնենք, որ քննչական խումբը նախագահի հանձնարարականից հետո հարցաքննել է շուրջ յոթ տասնյակ մարդու, սակայն դրանք որեւէ դրական արդյունք դեռեւս չեն տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG