Մատչելիության հղումներ

Մլադիչը հրաժարվել է լսել մեղադրական եզրակացությունը


Ռադկո Մլադիչը ՄԱԿ-ի դատարանում:

Ռադկո Մլադիչը ՄԱԿ-ի դատարանում:

Մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող սերբ գեներալ Ռադկո Մլադիչը ՄԱԿ-ի դատարանում առաջին անգամ պատասխանել է դատավորի հարցերին։

Հաագայում ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանում այսօրվա առաջին նիստը սոսկ ընթացակարգային էր։

Դատավորը ճշտում էր ամբաստանյալի կենսագրական տվյալները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը եւ վայրը, հարցնում, թե արդյո՞ք Ռադկո Մլադիչը տեղեկություններ ունի դատարանում իր իրավունքների մասին, գիտի՞, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվում իրեն եւ այլն։

69-ամյա Մլադիչը դատարանում ասել է, որ ինքը ծանր հիվանդ է, նաեւ պնդել է, որ մեկ ամսից ավելի ժամանակ է պետք մեղադրանքին ծանոթանալու եւ պաշտպանությունը նախապատրաստելու համար։

«Համաձայն մեղադրական եզրակացության, դուք, Ռադկո Մլադիչ, մեղադրվում եք ցեղասպանություն եւ պատերազմի հանցագործություն կատարելու, պատերազմի միջազգային կանոնները եւ օրենքները խախտելու, այլոց հետ հանցավոր պայմանավորվածությամբ օրինախախտումներ կատարելեւ մեջ», - ասել է դատավոր Օրիեն։

Մլադիչը չի ցանկացել լսել 37-էջանոց մեղադրական եզրակացությունը` այն անվանելով «զարհուրելի եւ հրեշավոր»։

«Ես չեմ ուզում նույնիսկ մեկ տառ լսել», - ասել է նա։


Դատարանը Մլադիչին մեղադրում է 1992-95 թվականների Բոսնիայի պատերազմի ընթացքում հանցագործություններ կատարելու, մասնավորապես, Սրեբրենիցայում 1995 թվականի հուլիսին 18 տարեկանը լրացած արական սեռի բոլոր բնակիչների զանվածային սպանդը կազմակերպելու մեջ։

Ըստ մեղադրող կողմի, Սրեբրենիցայում սերբական ուժերը մոտ 8 հազար պատանի եւ տղամարդ են սպանել։ Դա համարվում է Երկրորդ Աշխարհամարտի ավարտից հետո Եվրոպայում տեղի ունեցած ամենադաժան սպանդը։

Բացի այդ, Մլադիչը մեղադրվում է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոն 1992 թվականի մայիսից սկսած 44 ամիս շարունակ շրջափակման մեջ պահելու համար: Այդ ընթացքում քաղաքում մոտ 10 հազար մարդ է մահացել։

Մլադիչի պաշտպանների պնդմամբ, նախկին գեներալը քաղցկեղով հիվանդ է։ Այսօր նա հույս է հայտնել, թե այնքան կապրի, որ կլսի դատավճիռը եւ ազատ կարձակվի։

«Դատարանում ես ոչ թե Ռադկո Մլադիչին, այլ իմ ժողովրդին, իմ երկիրն եմ պաշտպանելու»,- ասել է նախկին գեներալը։

Մլադիչը 16 տարի եղել է միջազգային հետախուզման մեջ։ Նրան ձերբակալել են անցած հինգշաբթի օրը` մայիսի 26-ին, Սերբիայի հյուսիսում գտնվող Լազարեւո գյուղի մոտ։

Ըստ որոշ հաղորդագրությունների, անցած տարիներին Մլադիչը ուղեղի կաթված է տարել։ Դատարանում այսօր նա ֆիզիկապես տկար եւ հիվանդ մարդու տպավորություն էր թողնում։

Մլադիչի էքստրադիցիայի որոշումը ստորագրած Սերբիայի արդարադատության նախարար Սնեժանա Մալովիչը հուսով է, որ Հաագայի մոտակայքում` Շեւենինգենի բանտում պահվող ամբաստանյալը հարկ եղած դեպքում կստանա անհրաժեշտ բուժօգնությունը։

Դատավոր Ալֆոնս Օրիեն Մլադիչին միայն 30 օր է տրամադրել նախապատրաստվելու համար։

Երկրորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին։ Եթե մինչեւ այդ Մլադիչը չընդունի կամ չհերքի մեղադրանքը, դատավորները պաշտոնապես կարձանագրեն, որ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG