Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Հիմա քայլի հերթը իշխանություններինն է»


Իշխանության հետ երկխոսություն սկսելու համար ՀԱԿ-ի ձեւավորած պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյան

Իշխանության հետ երկխոսություն սկսելու համար ՀԱԿ-ի ձեւավորած պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ-ը հայտարարել է իշխանության հետ երկխոսության պատվիրակության կազմը:

«Պատվիրակության արագ ձեւավորմամբ մենք ցանկացանք ընդգծել, որ պատրաստ ենք հնարավորինս շուտ երկխոսություն սկսել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող, իշխանության հետ երկխոսություն սկսելու համար Կոնգրեսի ձեւավորած պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմությունը իշխանության հետ երկխոսության սեղանին մեկ հարց է դնելու` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Ընդ որում` ընդդիմության համար առաջնայինը նախագահական ընտրությունների անցկացումն է:

«Հիմա քայլի հերթը իշխանություններինն է: Երբ որ նրանք իրենց քայլը անեն, կարելի է անհապաղ սկսել բանակցությունները», - ասաց Լեւոն Զուրաբյանը:

Երեկ երեկոյան հրավիրած քաղխորհրդի արտահերթ նիստում ՀԱԿ-ը որոշել է այն 5 պատվիրակներին, որոնք կերկխոսեն իշխանությունների հետ:

Պատվիրակությունը կղեկավարի Լեւոն Զուրաբյանը: Մյուս 4 պատվիրակներն են` Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

Հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը պատկերացնում համաձայնության հնարավորությունը, եթե իշխանության օրակարգում չկա արտահերթ ընտրությունների անցկացման հարց, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Իշխանությունները լավ կյանքից չէ, որ գնացել են բանակցությունների: Դա նշանակում է, որ նրանք էլ են գիտակցում, թե ինչքան խորը քաղաքական ճգնաժամ կա Հայաստանում: Եվ եթե հասցվի հերթական ընտրությունների, կորուստները շատ ավելի մեծ կլինեն: Բանալին լեգիտիմ իշխանության ձեւավորումն է: Սա է, որ հաղթահարելու է ճգնաժամը Հայաստանում: Եթե իշխանությունները նույն այս խնդիրը լուծելու վերաբերյալ ունեն իրենց մոտեցումները, ոչ ոք չի խանգարում դա ներկայացնել բանակցություններին: Մենք դա կքննարկենք, մենք դա կքննարկենք նաեւ ժողովրդի հետ, եւ արդեն կերեւա` ինչը կարելի է ընդունել, ինչը չի կարելի ընդունել»:

Պատվիրակության կազմում ընդգրկված չէ Կոնգրեսի առաջին դեմքը: Զուրաբյանը, այդուհանդերձ, չի բացառում, որ Տեր-Պետրոսյանը կարող է բանակցությունների որեւէ փուլում միանալ երկխոսությանը. - «Ոչ ոք չի կարող բացառել, որ ապագայում նաեւ կարող է առաջին դեմքերով հանդիպման անհրաժեշտություն լինել, բայց դրա մասին դեռ վաղ է խոսել: Ի վերջո չմոռանանք, որ անջրպետը բավականին մեծ է, խորն է, կողմերի դիրքորոշումները` տրամագծորեն հակառակ: Ինչ-որ ժամանակ պետք է նաեւ աշխատանքային պատվիրակությունների մակարդակով, որ կարողանանք դիրքորոշումները մոտեցնենք իրար»:

Հարցին, թե որը կարող է լինել ՀԱԿ-ի զիջումը բանակցություններում, Զուրաբյանը արձագանքեց. - «Բանակցություններից առաջ զիջումների մասին խոսելը ամենամեծ հիմարությունը կլիներ որեւէ բանակցող կողմի համար: Մենք կփնտրենք փոխզիջումներ բանակցությունների սեղանի շուրջը: Տրամաբանական զիջումները միշտ հնարավոր է ընդունել, եւ մենք պատրաստ ենք լսել այդ առաջարկները: Մենք ոչինչ չենք ուզում կանխավ բացառել կամ նետել… Թեեւ ասեմ` ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է որեւէ այլընտրանք արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին բերել այսօր բանակցությունների սեղանին, որը համոզիչ կլինի մեր հասարակության եւ ժողովրդի համար»:

Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում այդ բանակցությունների ընթացքը եւ ինչքա՞ն կարող են դրանք ձգվել: Զուրաբյանի խոսքով` բանականության սահմաններում պետք է ընթանան բանակցությունները. - «Մի քանի ռաունդից արդեն երեւալու է` արդյոք բանակցությունները տանում են դեպի արդյունք, թե ուղղակի իմիտացիա են իշխանությունների կողմից»:


Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով

Իշխանությունը առայժմ չի շտապում ձեւավորել պատվիրակություն, որին կգործուղի ընդդիմության հետ երկխոսելու: Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանին ասաց` «նման հարց չենք քննարկել»:

Շարմազանովը հավելեց. - «Մենք բացասական ենք գնահատում երկրում արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը: Հանրապետականը բացառում է երկրում արտահերթ նախագահական ընտրությունները, եւ որեւէ հիմք` ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական չի տեսնում արտահերթ պառլամենտական ընտրությունների անցկացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG