Մատչելիության հղումներ

Քարնեգի հիմնադրամում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը


Մարտի 28-ի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում

Մարտի 28-ի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում

Հինգշաբթի օրը Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում քննարկում է տեղի ունեցել` նվիրված Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը, ով վարում էր հանդիպումը, ասել է, որ բազմաթիվ քննարկումներ մինչ այս եղել են` հիմնականում նվիրված Կովկասյան տարածաշրջանում արտաքին քաղաքականության հարցերին եւ Ղարաբաղյան հակամարտության խնդրին, սակայն զուտ Հայաստանի ներքաղաքական իրադրության քննարկում առաջին անգամն է կազմակերպվում:

Քննարկմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի` Foreign Policy Center-ի փորձագետ Ադամ Հագը, ում ղեկավարած փորձագիտական խումբը այս տարվա մարտին Հայաստանին վերաբերող զեկույց էր ներկայացրել, Վաշինգտոնի National Democratic Institute-ի Եվրասիայի գծով տնօրեն Լորա Ջութը, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի անդամ, Հայաստանի գծով տնօրեն Դոն Շաքը, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Լորա Ջութը կարծիք է հայտնել, որ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները շատ նշանակալի, շատ դրական եւ ողջունելի են. բանտարկյալների ազատ արձակումը, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը վերսկսելը, Ազատության հրապարակում հավաքները թույլատրելը եւ ներքին երկխոսության խոստումը շատ կարեւոր իրադարձություններ են:

Սակայն Ջութին հետաքրքրում են այս փոփոխությունների դրդապատճառները` արդյո՞ք սա միայն մարտավարական հնարք է, որ թույլ է տալիս կառավարությանը «բաց թողնել գոլորշին» եւ թուլացնել լարվածությունը, իսկ ընդդիմությանը` ավելի շատ նախարարական պաշտոններ եւ տեղեր ստանալ խորհրդարանում, թե՞ սա իրենից ներկայացնում է ավելի նշանակալի փոփոխություն դեպի ազատականացում եւ ժողովրդավարություն:

Իր խոսքի վերջում Ջութը եզրակացրել է. - «Բանտարկյալների ազատ արձակումը եւ հավաքները թույլ տալը, թվում է, սխալ տեքստի շտկում է, սակայն երբ մենք հետ ենք նայում` տեսնում ենք, որ սա կարծես թե հիմնավորապես նոր տեքստ է, եւ Հայաստանը սկսել է նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց»:

Դոն Շաքն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի օրենսդրական, իրավական խնդիրներին եւ մեջբերել Ադամ Հագի վերջին` «Հայաստանը լուսարձակի տակ» զեկույցից այն միտքը, որ կոռումպացված արդարադատությունը Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտներից է, ապա եզրակացրել. - «Դժվար է գերագնահատել մարտի 1-ի իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի արդարադատության եւ մարդկանց կողմից արդարադատության ընկալման վրա: Ավելի քան 93 գործեր, որ լայնորեն լուսաբանվել են, ընկալվել են որպես քաղաքական շոու, այլ ոչ թե արդար դատավարություն, եւ այդ շարունակվող տպավորությունը մեծապես ազդել է մարդկանց կողմից արդարադատության ընկալման վրա: Մենք հույս ունենք, որ վերջին զարգացումները կկոտրեն այդ արդեն ձեւավորված կարծրատիպը մարդկանց մոտ»:

Ջոն Էվանսը ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, էվոլյուցիա է` զարգացում, այլ ոչ ռեւոլյուցիա` հեղափոխություն:

«Ինչ ենք տեսնում. իմ կարծիքով` տեղի է ունենում այն, ինչ մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք տեսնել` սա էվոլյուցիա է, ոչ ռեվոլյուցիա», - հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG