Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը ուրբաթ օրը կայացած դատական նիստում ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Դատավոր Արթուր Մկրտչյանը որոշեց Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել, դադարեցնել քրեական հետապնդումը եւ նրա նկատմամբ կիրառել Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:

Պատգամավորի եղբայրը մեղադրվում էր ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, որը մայիսի 23-ին ընդունված Քրեական օրենսգրքի մեջ փոփոխությունների վերաբերյալ օրենքով ուժը կորցրած էր ճանաչվել: Զարուհի Փոստանջյանը եղբոր ձերբակալությունը կապում էր իր քաղաքական գործունեության հետ` պնդելով, որ այդ կերպ փորձում են ճնշում գործադրել իր եւ «Ժառանգության» մյուս ընդդիմադիր պատգամավորների վրա:

Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյան խոսքով` դա հիմք էր քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Սակայն մեղադրող կողմը այսօր փոխեց այն հոդվածը, որով մեղադրվում էր Տիգրան Փոստանջյանը: Քանի որ նախորդ հոդվածն արդեն քրեորեն հետապնդելի չէր, նրա հանդեպ մեղադրանք ներկայացվեց 311 հոդվածի 1-ին մասով:

Ալումյանի այն հարցին, թե ի՞նչ հիմքով է օրենքը ուժը կորցնելուց մինչ այսօր Փոստանջյանը պահվել անազատության մեջ, դատավոր Արթուր Մկրտչյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել: Ալումյանը պնդում է, որի պաշտպանյալը ութ օր ապօրինի է պահվել անազատության մեջ: Նա օրենքի ուժը կորցրած ճանաչելուց անմիջապես հետո դատավորին միջնորդություն էր ներկայացրել` պահանջելով դադարեցնել Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ ազատ արձակել նրան:

Դատական նիստից հետո մեղադրող Արամ Ամիրզադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Տիգրան Փոստանջյանը մինչ մեղադրանքը փոխելը օրինական է գտնվել անազատության մեջ: Ամիրզադյանի խոսքով` ցանկացած միջնորդություն կարող է քննարկվել միայն դատական նիստերի օրերին:

Շուրջ 3 ամիս տեւած քրեական հետապնդումների, իսկ վերջում համաներմամբ իրեն ազատ արձակելու պատճառը ԱԺ պատգամավորի եղբայրը եւս համարում է իր քրոջ քաղաքական գործունեությունը:

«Այսօր երկրի իրավիճակն է այդպիսին: Բավականին լուրջ փորձությունների առաջ ենք կանգնած, եւ տարբեր կողմերից ճնշումներ կան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տիգրան Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, թե հոդվածը ապաքրեականացվելուց հետո իր եղբորը անազատության մեջ պահելու կապակցությամբ իրենք դիմելու են Վերաքննիչ դատարան, ապա եվրոպական ատյաններ:

«Եթե դուք խնդիր ունենք ինձ կամ «Ժառանգության» հետ, մենք ձեր հետ վիճում ենք, բանավիճում ենք, խնդիրների շուրջ փորձում ենք լուծումներ ստանալ, ապա մենք ձեր ընտանիքների անդամներին պատանդ չենք վերցնում եւ ձեր հետ անձնապես խնդիր չունենք: Մենք հետապնդում են մեկ խնդիր` մեր պետությունը դարձնել ժողովրդավար պետությունը, որտեղ կապրենք ազատ, անկախ եւ միացյալ հայրենիքում», - ասաց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG