Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը ողջունում է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները


Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը
Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը «շատ դրական» է գնահատում մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրներին ազատ արձակելու փաստը:

Հայաստանում իր առաքելությունն ավարտող` Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ողջունեց Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա վերջին միտումները:

«Կարեւոր է, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը լինի թափանցիկ եւ կառուցողական, եւ պետք է ասեմ, որ այս ամենը շատ ոգեւորիչ է: Սա մեծ հնարավորություններ է բացում հայաստանցիների համար` հատկապես հաշվի առնելով, որ մոտենում է նախընտրական շրջանը», - նշեց Մարի Յովանովիչը:

Դեսպանը ողջունեց նաեւ 2008-ի մարտյան իրադարձությունների հետաքննության վերսկսումը:

«Կարծում ենք, որ իրապես շատ կարեւոր է նաեւ իշխանությունների որոշումը` թույլատրել մարդկանց հանրահավաքներ կազմակերպել այնտեղ, որտեղ նրանք ուզում են դա անել», - ասաց դեսպանն ու հետեւյալ ընդհանրացումն արեց. - «Այս բոլոր զարգացումներն ու մարտի 1-ի գործով ընթացող քննության վերսկսումը շատ կարեւոր են ոչ միայն Հայաստանի պատմության այդ շատ դրամատիկ շրջանի բուն հանգամանքները պարզելու, այլեւ այն տեսանկյունից, որ դա հայաստանցիներին հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ սխալներ են թույլ տրվել, հետագայում դրանցից խուսափելու համար»:

Իսկ նման սխալներից խուսափելու համար, օրինակ, ըստ դեսպանի, հարկ է օգնել ոստիկանությանն ու պետական այլ մարմիններին` համապատասխան վարժանքների միջոցով հանրահավաքների անվտանգ կառավարման հմտություններ ձեռք բերել:

«Հանրահավաքներ տեղի են ունենում բոլոր երկրներում, այդ թվում` Միացյալ Նահանգներում: Երբեմն իրադարձությունները զարգանում են ոչ լավագույն սցենարով, եւ նման հանգամանքներում ոստիկանությունը պետք է կարողանա ապահովել ե՛ւ ցուցարարների, ե՛ւ շրջապատում գտնվող անձանց անվտանգությունը», - ասաց Մարի Յովանովիչը:

Դեսպանի խոսքով, Մարտի 1-ի գործով բանտում գտնվողների ազատ արձակումն ու այդ գործով հետաքննության վերսկսումը շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ դա մարդկանց հնարավորություն կտա անընդհատ ետ` մարտյան ժամանակահատվածին նայելու փոխարեն առաջ նայել` պատրաստվելով խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:

«Հուսանք, որ այդ ընտրությունների ժամանակ ականատես կլինենք գաղափարների առողջ մրցակցության», - ասաց դեսպանն ու հավելեց, թե հույս ունի, որ առաջիկա ընտրությունների ազատ ու արդար անցկացմանը կնպաստի նաեւ վերջերս փոփոխված ընտրական օրենսդրությունը:

«Ընտրական օրենսգրքի փոփոխման վերջին գործընթացը որոշակիորեն ավելի բաց ու թափանցիկ էր: Չէի ասի, թե դա գերազանց գործընթաց էր, բայց, համեմատած նախկինում եղածների հետ, փոքր-ինչ ավելի բաց էր ու ինչ-որ հույսեր է ներշնչում», - շարունակեց Մարի Յովանովիչը` ընդգծելով, թե առավել կարեւորը տվյալ պարագայում այն է, թե գործնականում ինչպես կյանքի կկոչվի այդ օրենսգիրքը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլը` Մարի Յովանովիչը, շատ կենսական համարելով օրերս համանախագահող երկրների ղեկավարների կողմից Դովիլում ընդունված համատեղ հայտարարությունը, որում ընդգծվում էր խնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը, ասաց. - «Դա կարգավորման հիմնական սկզբունքների նորագույն տարբերակն է, եւ այն իսկապես առաջ շարժվելու հիմքեր է ընձեռում: Մնացյալը կախված է կողմերից»:

Դեսպան Յովանովիչը հունիսին ավարտում է իր եռամյա դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ վերադառնալու է Վաշինգտոն՝ ստանձնելու պետքարտուղարի՝ Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալի պաշտոնը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ի՞նչ եք ձեզ հետ տանում Հայաստանից` ոչ իբրեւ դիվանագետ, այլ իբրեւ անհատ, Մարի Յովանովիչը պատասխանեց. – «Շատ բախտավոր եմ 3 տարի Հայաստանում գտնվելու համար: Ես այստեղ շատ բան եմ սովորել, որոշ նոր հմտություններ եմ ձեռք բերել: Ամենակարեւորը, որ այստեղ գտել եմ, դա բարեկամությունն է շատ մարդկանց հետ, ինչը, հուսով եմ, ապագայում էլ կշարունակվի»:

Որպես հրաժեշտի ուղերձ հայաստանցիներին` ԱՄՆ-ի դեսպանն ասաց. - «Սա հրաշալի երկիր է, մեծ ու բազմաթիվ հնարավորություններով: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ, որ եթե Հայաստանի շատ խելացի ու շատ կրթված ժողովուրդը համատեղի իր ջանքը ժողովրդավարության միջոցով լավ ապագա կառուցելու նպատակով, ապա Հայաստանը հիանալի ապագա կունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG