Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Հայաստանի ճարտարապետների միության 17-րդ համագումարը


Ճարտարապետների միության նախագահի Մկրտիչ Մինասյանը (աջից):
Ճարտարապետների միության նախագահի Մկրտիչ Մինասյանը (աջից):

Այսօր Երեւանում սկսված Հայաստանի ճարտարապետների միության 17-րդ համագումարին ներկայացրած հաշվետու զեկուցման մեջ միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բավական սուր շեշտադրումներով անդրադարձավ մայրաքաղաքի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցերի:

Մինասյանը հայտարարեց, որ քաղաքի կանաչ տարածքների կրճատման, կենտրոնի գերխտացման եւ Երեւանի ճարտարապետական դիմագծի աղճատման համար մեղքը ոչ միայն վարչական կառույցներում աշխատողներինը կամ ներդրողներինն է, այլեւ ճարտարապետներինը:

«Անթույլատրելիի սահմանը անցանք: Մենք կամավոր հանձնվեցինք անօրինությանը: Մենք ասացինք, որ այլեւս օրենք գոյություն չունի, չկա ոչ մի նորմատիվային փաստաթուղթ, եւ ով ասես որտեղ ասես ինչ ասես պետք է անի: Ինչ վատ բան լինում է, անընդհատ ասում են ճարտարապետն է մեղավոր, եւ ես ուզում եմ ընդունել այդ բանը, որովհետեւ ինչքան այդպես ասվում է, մարդ այնքան պետք է ինքն իր մեջ պատասխանատվության մեծ զգացում ունենա: Գոնե կանաչ տարածքների վրա այդպիսի «օկուպացիա» չէր լինի: Բայց մենք ինքներս մարդկանց, փողատերերին հրեցինք դեպի այդ կանաչ տեղերը: Մեր մեղքը կա», - փաստարկեց նա:

Ճարտարապետների միության նախագահը շեշտեց, որ յուրաքանչյուր երկրում ճարտարապետի դերը բացառիկ է. նրա խոսքը լսում, նրա հետ հաշվի են նստում երկրի ղեկավարները, ինչը չի կարելի ասել մեր երկրի մասին:

«Քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը, խորհրդակցական ձայն ունենալու պատճառով, երբեմն կանգնում է շատ տհաճ խնդիրների առջեւ: Որովհետեւ կարող է ամբողջապես մի նախագիծ մերժվի, եւ այդ նախագիծը դրվի գործողության մեջ հենց վաղը: Օրինակը հենց հիմա կառուցվող եկեղեցին է մեր Կաթողիկեի կողքին», - հայտարարեց Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կարեւորագույն խնդիր է համարում օրինապահությունը:

«Քանի մենք օրենք չենք սիրում, պետություն ստեղծել չենք կարող: Իսկ եթե պետություն չունենք, ունենք այն, ինչ որ կա», - հայտարարեց նա:

Համագումարի իր ելույթում ճարտարապետ Շողիկ Ամիրխանյանը ընդգծեց, որ այն ամենը, ինչի մասին խոսվում է համագումարում, պիտի տեսանելի լիներ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին. - «Բայց նա ասես չի տեսնում…Այժմ այս պաշտոնը չգիտեմ վերացավ, թե չէ, որովհետեւ այդ անձնավորությունը, մեր կոլեգան դարձավ Երեւանի գլխավոր ճարտարապետ: Բայց ես կարծում եմ` եթե կար այդպիսի պաշտոն` ՀՀ գլխավոր ճարտարապետ, ամբողջ Հայաստանում եթե որեւէ բան խախտվում էր, դառնում էր հակաճարտարապետական երեւույթ, դա պետք է կասեցվեր»:

Միության նախագահի պաշտոնում այսօր առաջադրվեց երկու թեկնածուի անուն` Մկրտիչ Մինասյան եւ Լեւոն Ներսիսյան:

Հայաստանի ճարտարապետների միության 17-րդ համագումարը իր աշխատանքները կշարունակի վաղը:
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG