Մատչելիության հղումներ

Դավութօղլուն Ղարաբաղի հարցում «ճեղքման դրական նշաններ» է տեսնում


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե Ղարաբաղյան գործընթացում «ճեղքման դրական նշաններ» է տեսնում` միաժամանակ ողջունելով Ադրբեջանի «վճռական եւ լավատեսական» դիրքորոշումը հակամարտության առնչությամբ:

Հինգշաբթի օրը Հռոմում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հայտնել է, որ հնարավորություն է ունեցել ողջունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ավտոբուսում, որով նրանք վերադառնում էին Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված հանդիսությունից: Միաժամանակ, նա նշել է, թե ավելի շատ ժամանակ տրամադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցին` հնարավորություն ունենալով քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի «որոշ մանրամասներ»:

Zaman պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, թե հույսեր է կապում նախագահների Կազանում կայանալիք հանդիպման հետ: Նա հայտնել է, որ հնարավորություն է ունեցել Ալիեւի հետ քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները:

«Նշանները [ճեղքման] դրական են: Մեծ ութնյակի եւ [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահների կողմից արված հայտարարությունները նպատակ ունեն արագացնել [խաղաղ] գործընթացը: Սպասենք Կազանի հանդիպման արդյունքներին: Հուսով ենք, որ կտեսնենք որոշ դրական քայլեր», - Ահմեթ Դավութօղլուի խոսքերն է փոխանցում Zaman-ը:

«Ուրախ էի տեսնել պարոն Ալիեւի վճռականությունը եւ լսել նրա ավելի լավատեսական տեսակետը», - հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ, ծրագրվում է հունիսի 25-ին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող պետությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի վերջին Դովիլում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարությունում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG