Մատչելիության հղումներ

Այսօր Ռատկո Մլադիչը կանգնելու է դատարանի առաջ


Ձախից` աջ. Սլոբոդան Միլոշեւիչ, Ռադովան Կարաջիչ, Ռատկո Մլադիչ

Ձախից` աջ. Սլոբոդան Միլոշեւիչ, Ռադովան Կարաջիչ, Ռատկո Մլադիչ

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանում ուրբաթ օրը տեղի կունենա մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող սերբ գեներալ Ռատկո Մլադիչի գործով առաջին դատական նիստը:

Այսօր Մլադիչին պաշտոնապես կներկայացնեն մեղադրանքները, եթե ամբաստանյալը ընդունի դրանք` դատավորները կնշանակեն դատավճռի հրապարակման ժամկետը։ Եթե Մլադիչը հերքի մեղադրանքը, ինչը առավել հավանական է, ապա կնշանակվի նախնական դատավարությունը նախագահող դատավոր:

Դատարանը պետք է ավարտի աշխատանքը 2014 թվականին:

Մի շարք երկրներ, տուժողների ներկայացուցիչները եւ իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները դատարանին քննադատել են ձգձգվող, երբեմն տարիներ տեւող դատավարությունների համար եւ առաջարկել են արագացնել սերբ մեկ այլ ամբաստանյալի` պատերազմի տարիներին Ռատկո Մլադիչի անմիջական ղեկավար Ռադովան Կարաջիչի դատավարությունը:

Ավելի քան 4 տարի է տեւել Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի դատավարությունը, ով 2006 թվականի մարտին մահացավ բանտում:

Ի դեպ, ժամանակին մեղադրող կողմը մտադիր էր Կարաջիչի եւ Մլադիչի գործերը միավորել մեկ վարույթում:

ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանի առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է:

Եթե Մլադիչը մեղավոր ճանաչվի, պատիժը կրելու առաջին շրջանում նա կմնա Հաագայի բանտում, ապա դատարանը կորոշի, թե իր հետ համագործակցող երկրներից որ մեկի քրեակատարողական հիմնարկում է հանցագործը շարունակելու կրել պատիժը։ Ինչպես Reuters լրատվական գործակալությունն է նշում, նախկին Հարավսլավիայի երկրները այդ ցանկում չկան:

Ռատկո Մլադիչի փաստաբանի փոխանցմամբ` գեներալի մոտ երկու տարի առաջ լիմֆոմա տեսակի քաղցկեղ են հայտնաբերել, եւ նա գաղտնի կերպով բուժվել է Բելգրադի հիվանդանոցներից մեկում:
Սերբիայի դատախազությունը պնդում է, որ Մլադիչի պաշտպանների այդ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում:

«Ես ունեմ բոլոր անհրաժեշտ տեղեկանքները եւ կարող եմ ապացուցել, որ իմ պաշտպանյալը լիմֆոմայի դեմ բուժում է ստացել Բելգրադում», - ասել է փաստաբան Միլոշ Սալյիչը, ով ավելի վաղ նաեւ հայտարարել էր, թե 69-ամյա Մլադիչը դժվար թե այնքան ապրի, որ տեսնի իր դատը:

1992-95 թվականների Բոսնիայի պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 100 հազար մարդ: Մլադիչին մեղադրում են Սրեբրենիցա քաղաքի արական սեռի բնակիչներին` մոտ 8 հազար մարդկանց կոտորածի համար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG