Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ատոմակայանի ռիսկը «ընդունելի» է համարում


OSART առաքելության ղեկավար Գաբոր Վամոշ, Երեւան, 2 հուլիս
OSART առաքելության ղեկավար Գաբոր Վամոշ, Երեւան, 2 հուլիս
Միջազգային փորձագետների խումբը ավարտել է Մեծամորի ատոմակայանում երկու շաբաթից ավելի տեւած անվտանգության գնահատմանն ուղղված ստուգումը եւ եզրակացրել, որ հայկական ատոմակայանի ներկայացրած «ռիսկն ընդունելի է»:

Այս մասին այսօր հայտարարեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի OSART (Operational Safety Review Team) առաքելության ղեկավար, հունգարացի Գաբոր Վամոշը:

Մինչ այդ Վամոշը մի քանի անգամ ընդգծեց, թե իր ղեկավարած առաքելությունը նպատակ չի ունեցել ընդհանուր գնահատական տալ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակի վերաբերյալ. - «Մեր առաքելության նպատակն է եղել առանձնացնել այն ուղղությունները, ուր ատոմակայանը կարող է բարելավել անվտանգության մակարդակը»:

«Չկա արտադրական այնպիսի մի գործունեություն, որն իրենից որոշակի ռիսկ չներկայացնի, սակայն ես կարծում եմ, որ մեր ստուգման արդյունքները ցույց են տալիս, թե այդ ռիսկն ընդունելի է», - ասաց Գաբոր Վամոշը:

Հայաստանի կառավարության խնդրանքով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության OSART առաքելությունը մայիսի 16-ից հունիսի 2-ը իրականացրել է ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության մանրամասն ստուգում: 11 հոգուց բաղկացած առաքելությունը ներկայացնում է 8 երկիր` այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունգարիան եւ երկու միջազգային կազմակերպություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ու Եվրոպական հանձնաժողովը:

Առաքելության ղեկավար Գաբոր Վամոշի խոսքով` այս ընթացքում իրենք ստուգել են ՀԱԷԿ-ի սարքավորումների վիճակը, դիտարկել են ատոմակայանում իրականացվող աշխատանքների ընթացքը, հարցազրույցներ են վարել ատոմակայանի անձնակազմի հետ եւ ստուգել են ՀԱԷԿ-ի փաստաթղթերը: Արդյունքում, ըստ Վամոշի, իրենք Մեծամորի ատոմակայանի ղեկավարությանը ներկայացրել են իրենց եզրակացության նախնական տարբերակը` «Տեխնիկական գրառումները», որն իր հերթին բաղկացած է 16 հանձնարարականներից, 14 առաջարկություններից եւ, այսպես կոչված, «դրական փորձի 7 օրինակներից»:

ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վերաբերյալ OSART առաքելության վերջնական հաշվետվությունը կներկայացվի Հայաստանի կառավարությանը այն բանից հետո, երբ «Տեխնիկական գրառումների» վերաբերյալ կստացվեն ատոմակայանի ու Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի դիտողությունները, ու այդ բոլորը կքննարկվի ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնական գրասենյակում: Նախատեսվում է այդ ամենն իրականացնել 3 ամսվա ընթացքում:

Այսօր Վամոշը հրապարակեց իրենց առաջարկություններից մի քանիսը:

«Մենք պարզեցինք, որ [ՀԱԷԿ-ում տեխնիկները, ովքեր պարբերաբար դիտարկում են սարքավորումները] չեն արձանագրում սարքավորումների բոլոր թերությունները, oրինակ, յուղի փոքր ծավալով հոսելը, կամ վերանորոգողական բնույթի այլ միջամտության անհրաժեշտությունը: Եվ մեր հանձնարարականն է նման շրջայցեր կազմակերպել այնպես, որ պատասխանատուները ամբողջովին պարզեն, թե երբ պետք է վերանորոգման համար պատասխանատուները միջամտեն եւ սարքավորումները բերեն իդեալական վիճակի», - ասաց Վամոշը:

Մեկ այլ հանձնարարականի վերաբերյալ Վամոշը ասաց, թե նախատեսված է եղել փոխել պոմպի առանցքակալը, սակայն աշխատակիցը տեսնելով, որ առանցքակալը լավ վիճակում է, այն չի փոխել: Առաքելության կողմից առաջարկություն է արվել հետասյու վերանորոգողական աշխատանքներն իրականացնել ընթացակարգին խիստ համահունչ:

Վամոշը նշեց նաեւ դրական փորձի այն օրինակներ, որոնք նկատել են ՀԱԷԿ-ում:

«Հայկական ատոմակայանն իր ուժերով զգալի աշխատանքներ է իրականացնում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Շատ երկրներում ավելի ընդունված է, որ նման աշխատանքներն իրականացնում են մասնավոր ընկերությունները: Մեր կարծիքն է, որ ՀԱԷԿ-ում առկա պրակտիկան` անվտանգության նոր համակարգերի մոնտաժի իրականացումը սեփական ուժերով, նպաստում է, որ այդ համակարգերի վերաբերյալ ԱԷԿ-ի աշխատակազմը ստանա խորը գիտելիքներ, ինչն էլ այս փորձի դրական կողմն է», - ասաց նա:

Ի մի բերելով` Վամոշն ասաց, թե ՄԱԳԱՏԷ-ն տարբեր երկրների ատոմակայանները չի դասակարգում ըստ շահագործման անվտանգության մակարդակի, եւ այն առաջարկությունները, որ արվել են ՀԱԷԿ-ի վերաբերյալ, աննախադեպ չեն, ու OSART առաքելությունը նման արդյունքներ է ստացել նաեւ աշխարհի այլ ատոմակայանները դիտարկելիս:

Վամոշը խոսեց նաեւ գործող ԱԷԿ-ի շահագործման երկարացման հնարավորության մասին:

«Աշխարհում կան [ռեակտորների] շահագործման երկարացման օրինակներ, այդ թվում ВВЭР-440 տիպի ռեակտորների: Սակայն ինչքան մեզ է հայտնի, այս պահին [գործող] ԱԷԿ-ի շահագործման երկարացման պաշտոնական ծրագիր դեռ չկա: Ուստի մեր ստուգումների ժամանակ այդ հարցը չի դիտարկվել: Բայց, սկզբունքորեն [ՀԱԷԿ-ի շահագործման] տեխնիկական հնարավորություն կա: Դրա մասին պետք է եզրակացություն անի հայաստանյան կարգավորող մարմինը, եթե ՀԱԷԿ-ը հանդես գա նման նախաձեռնությամբ», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG