Մատչելիության հղումներ

«Վանաձոր Քիմպրոմի» լքված պոչամբարի անվտանգության չափանիշները չեն պահպանվում


«Վանաձոր Քիմպրոմ» գործարանի պոչամբարը

«Վանաձոր Քիմպրոմ» գործարանի պոչամբարը

Վանաձորի ծայրամասային Երրորդ մաս եւ Տարոն 4 բնակելի թաղամասերից մոտ երկու կիլոմետր հեռու սարերում է գտնվում Վանաձորի քիմիական գործարանի պոչամբարը:

Խորհրդային Միության փլուզումից հետո այն չի շահագործվում: Արտաքինից լիճ հիշեցնող պոչամբարն իր մեջ թունավոր միացություններ է պարունակում, որոնք երկու կիլոմետրանոց խողովակով լցվում են Փամբակ գետը:

Բնապահպանական տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Սամվել Կոծինյանի խոսքով, նախկինում գործել է հոսքաջրերի մաքրման փոքր կայան:

«Այն հիմա չի գործում, ու հոսքաջրերն առանց մաքրման թափվում են առվակներ, որոնք էլ միանում են Փամբակի ջրերին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոծինյանը:

Անցկացված հետազոտությունները Փամբակի ջրերում ազոտի միացություններով հարուստ քիմիական նյութերի նորմայից բարձր քանակներ չեն հայտնաբերել, բայց Բնապահպանական տեսչության ավագ տեսուչի կարծիքով սա դեռ պոչամբարի անվտանգության մասին չի խոսում:

Հարակից թաղամասի բնակիչները այս ջրերն օգտագործում են հողագործության համար, իսկ ընտանի կենդանիները նույնիսկ խմում են դրանք: Բնակիչներն ասում են, թե ջրերը վտանգավոր չեն, մինչդեռ բնապահպանական տեսչության մասնագետները հակառակն են պնդում:

Բնապահպանական տեսչության Լոռու մարզի տարածքային բաժինը դեռեւս 2009 թվականից ահազանգել է, որ քիմգործարանը պետք է ցանկապատի պոչամբարն ու զգուշացնող ու տեղեկատվական վահանակներ տեղադրի:

«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն պոչամբարի վերաբերյալ ստացել է բնապահպանական տեսչության նամակները, բայց ընկերությունը տեսչության պահանջները կատարելու գումարներ չունի:

«Հենց աշխատենք, հենց արտադրություն լինի, գումարներ կուղղենք նաեւ ցանկապատման, տեղեկատվական վահանակների տեղադրման, դրենաժային համակարգի նորոգման ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության գլխավոր տնօրենի նոր արտադրության գծով տեղակալ Ֆեոդո Աբաջեւան` հավելելով, որ պոչամբարն իրականում իրենց վտանգ չի ներկայացնում քանի որ արդեն 30 տարի չի շահագործվում:

Աբաջեւն ասում է, որ պոչամբարը նաեւ պետք է հսկվի իրենց կողմից, բայց իրենք պահակ վարձելու միջոցներ եւս չունեն:

Անցած երկու տարիներին քիմգործարանը մոտ մեկ միլիոն դրամի տուգանքի է ենթարկվել պոչամբարի անվտանգության չափանիշների չպահպանման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG