Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ունի պատասխան քայլեր ցանկացած դեպքում


Հայաստան -- Նիկոլ Փաշինյանը կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո, Արթիկ, 27-ը մայիսի, 2011թ.
Հայաստան -- Նիկոլ Փաշինյանը կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո, Արթիկ, 27-ը մայիսի, 2011թ.
Ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը մեծապես կախված է Հայ ազգային կոնգրեսի առաջարկների շուրջ իշխանության արձագանքից: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք հավատում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը կերկխոսի Կոնգրեսի հետ արտահերթ ընտրությունների շուրջ:

«Հայկական ժամանակի» խմբագիրը հայտարարեց, թե Կոնգրեսն ունի իր պատասխան քայլերը ե՛ւ Սերժ Սարգսյանի կողմից երկխոսության գնալու, ե՛ւ չգնալու դեպքում:

Հակադարձելով այն պնդումներին, թե Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում այլեւս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ փորձում է նրա հետ երկխոսության գնալ, Նիկոլ Փաշինյանը ասաց, թե նախագահի հրաժարականի համար կան մի քանի մեխանիզմներ, եւ Կոնգրեսի առաջարկած երկխոսությունը այդ մեխանիզմներից մեկն է:

«Մենք բանակցությունների օրակարգ ենք առաջ քաշում` արտահերթ նախագահական ընտրությունները: Արտահերթ նախագահական ընտրությունները հնարավոր են քաղաքական պրոցեսում երկու պարագայում. երբ որ իմպիչմենտ տեղի ունենա եւ հրաժարական տեղի ունենա: Երբ որ մենք ասում ենք, որ երկխոսությունը տեղի է ունենալու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կարգախոսով, դա արդեն ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջը ուժի մեջ է, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը չհեռանա, արտահերթ նախագահական ընտրությունները ինչպե՞ս են տեղի ունենալու», - հարցրեց «Հայկական ժամանակի» խմբագիրը:

Հարցին, թե մինչեւ ե՞րբ է ընդդիմությունը պատրաստ երկխոսել իշխանության հետ, եւ արդյո՞ք դա չի տեւի մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները, Փաշինյանն պատասխանեց` եթե իշխանության հետ երկխոսությունը արդյունք չտա, ապա այն կհանգեցնի ջրբաժանի, որի մասին ընդդիմությունը խոսում էր երկու ամիս առաջ:

Փաշինյանը նաեւ ասաց, թե իրենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկում են ամբողջության մեջ, արձագանքելով այն հարցին, թե հնարավո՞ր է երկխոսության արդյունքում ՀԱԿ-ը համաձայնվի անցկացնել ոչ թե նախագահական, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

ՀԱԿ-իշխանություն «գործարքի» մասին խոսակցությունների վերաբերյալ Փաշինյանը ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը երբեք չի գնա «անպարկեշտ գործարքների»:

«Դա բացառված է, եթե նման բան տեղի ունենա, դա նույնն է, թե մարդ խաչ քաշի իր ապրած ամբողջ կյանքի վրա», - ասաց նա:

Մարտիմեկյան իրադարձություններից երեք տարի անց` այսօր լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք 10 զոհերի սպանության հարցում ընդդիմությունը չունի իր մեղքի բաժինը:

«Ընդդիմությունը իր մեղքի բաժինը ունի այն բանում, որ թույլ է տվել, որ Հայաստանում ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը կարող է իր մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարել սեփական քաղաքացիներին», - ասաց ընդդիմադիր գործիչն ու հավելեց. - «Եվ ես պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը նման բան այլեւս թույլ չի տա»:

Արտահերթ ընտրությունների անցկացման անխուսափելիության մասին այսօր խոսել է նաեւ ՀԱԿ-ի մեկ այլ անդամ` Դավիթ Շահնազարյանը: Նրա կարծիքով` Հայաստանում առկա խորը տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը արտահերթ ընտրությունները են, ինչը շատ լավ հասկանում են նաեւ իշխանությունները:

«Արտահերթ ընտրությունները, որ բխում են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից, բխում է նաեւ Արցախի շահերից, եւ ես կարծում եմ` իշխանությունները պետք է հասկանան, որ դա բխում է նաեւ իրենց շահերից», - ասել է Շահնազարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG