Մատչելիության հղումներ

Ըստ սոցիոլոգների` Էրդողանի կուսակցությունը կիշխի նաեւ ապագա խորհրդարանում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունում է իր համակիրներին Ստամբուլում նախընտրական հանդիպման ժամանակ, 27-ը ապրիլի, 2011թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունում է իր համակիրներին Ստամբուլում նախընտրական հանդիպման ժամանակ, 27-ը ապրիլի, 2011թ.

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից տասն օր առաջ սոցիոլոգները պնդում են, որ իշխող իսլամիստները երրորդ անգամ անընդմեջ երկրի խորհրդարանում կարող են բացարձակ մեծամասնություն ստանալ:

Չորեքշաբթի օրը հրապարակվեցին Haberturk oրաթերթի պատվերով Consensus սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները: Դրանց համաձայն` հունիսի 12-ի քվեարկությանը մասնակցել ցանկացող թուրքերի 48.5 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Էրդողանի կուսակցության օգտին: Սա մոտ 2 տոկոսով ավելին է, քան այն ցուցանիշը, որ արձանագրեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2007 թվականի համապետական ընտրությունների ժամանակ:

Մայիսի 18-23-ը անցկացված այս հարցմանը մասնակցել է Թուրքիայի 3 հազար բնակիչ: Թուրք սոցիոլոգները, սակայն, չեն հստակեցրել, թե հատկապես որ շրջաններում են անցկացրել հետազոտությունը:

Հարցման արդյունքների համաձայն` ընտրությունների մասնակիցների 28 տոկոսը պատրաստվում է քվեարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին: Հարցվածների եւս 11 տոկոսը ձայն է տալու Ազգայնական շարժմանը, որի մի շարք առաջատար թեկնածուները վերջին օրերին հայտնվել են աղմկալի սեքսուալ սկանդալի կիզակետում:

Թուրքական մեկ այլ հեղինակավոր հետազոտական կենտրոն` Sonar-ը եւս այս օրերին հրապարակեց Թուրքիայի 39 գավառներում մայիսի 18-28-ը անցկացված հարցման արդյունքները:

Այս հարցումը Էրդողանի կուսակցության համար է'լ ավելի լավատեսական ցուցանիշներ է ի հայտ բերել: Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է ստանալ քվեների կեսից ավելին` շուրջ 51 տոկոս: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, Sonar-ի մասնագետների պնդմամբ, կհավաքի քվեների 25, իսկ ազգայնականները` 13 տոկոսը: Սոցիոլոգիական այս ծառայության մասնագետները նաեւ պնդում են, թե Ազգայնական շարժման շուրջ ծագած սկանդալը էականորեն չի ազդել կուսակցության վարկանիշի վրա:

Ուշագրավ է, որ այս երկու հետազոտությունների արդյունքները հրապարակվեցին մի քանի օր անց այն բանից, երբ Թուրքիայում ոչ այնքան հայտնի մեկ այլ հետազոտական կենտրոն` Dorinsight-ը հայտարարեց, թե իշխող իսլամիստների վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել:

Dorinsight-ի մասնագետները պնդում էին, թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը առաջիկա ընտրություններին կարող է հավակնել առավելագույնը քվեների 39-40 տոկոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG