Մատչելիության հղումներ

Քրեակատարողական հիմնարկները գերբնակեցված են


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երեւանում, արխիվ
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, վերջին 3 տարիների ընթացքում քրեակատարողական համակարգում որեւէ առաջընթաց չի արձանագրվել, ավելին` միտումը դեպի վատթարացումն է:

«Խնդիր ունենք, որ քրեակատարողական համակարգում, որտեղ մեր քաղաքացիների մի մասն են գտնվում, լինեն արժանապատիվ պայմաններ», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց իրավապաշտպանը:

Ըստ դիտորդական խմբի` ազատազրկման վայրերում թիվ մեկ խնդիրը գերբնակեցումն է:

«Վանաձոր» ՔԿՀ-ում 4 հոգանոց խցերում ավելացրել են եւս 2 հոգու, այսինքն` 6 հոգի են լինում: Մենք ենք այցելությունների համար բազմիցս տեսել, որ 8 հոգանոց խցում 18 հոգի, 20 հոգի, 12 հոգի են: Երբ հարցնում եմ դատապարտյալներին` բա ո՞նց եք քնում, ասում են` դե հերթով-հերթով ենք քնում», - պատմեց Արթուր Սաքունցը` դատապարտյալներին կոչ անելով դատական պրոցեսներ սկսել Հայաստանի Հանրապետության դեմ իրեն անմարդկային պայմաններում պահելու համար:

Արթուր Սաքունցը ընդգծում է, որ գերբնակեցումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

«Մի տեղ, որտեղ կա ինչ-որ ռեսուրսների անբավարարություն, դա անպայման խտրականության բերի, կամ քիչ ռեսուրսներից օգտվելու մղումը կատարվի կոռուպցիոն մեխանիզմով, ինչը հայտնի է եւ բոլոր տեղերում կա», - նշեց իրավապաշտպանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը, կարծիք հայտնեց, որ օրերս հայտարարված համաներումը կիսով չափ կլուծի գերբնակեցման խնդիրը: Ազատազրկման վայրերում այսօր շուրջ 5100 դատապարտված եւ կալանավորված անձ կա, նրանցից մոտ 140-ը կանայք են, 17-ը անչափահասներ, եւս 20 դեռահաս էլ նախնական կալանքի տակ է: Արսեն Բաբայանի խոսքով` այսօր կալանավայրերում նախատեսվածից շուրջ 800-ով ավելի մարդ կա:

«Բայց եթե սահմանված է որեւէ թիվ, դա դեռեւս չի նշանակում, որ դրանից ավել հնարավոր չէ պահել քրեակատարողական հիմնարկներում: Հաշվի առնենք, որ այնտեղ [իրականացվել է] կառուցվածքի որոշակի փոփոխություններ, նոր խցերի ստեղծում: Գերբնակեցումը շատ հաճախ չափազանցվում է` իբր դատապարտյալները հերթով են քնում: Նման խնդիր այս պահին չունենք, եւ չենք էլ ունեցել», - հավաստիացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակը:

Արսեն Բաբայանը վստահեցնում է, որ հարցը օրակարգում է. Արմավիրում վերսկսվել են նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքները, նախատեսված է նաեւ նոր շենք տեղափոխել Գորիսի բանտը:

Հայաստանի կալանավայրերում առկա վիճակը նախորդ շաբաթ հրապարակած զեկույցում քննադատել էր Եվրամիությունը:

«Դեռեւս հաղորդումներ են ստացվում ազատազրկվածների նկատմամբ կիրառվող կտտանքների ու վատ վերաբերմունքի մասին», - ասված էր զեկույցում, որում նաեւ նշվում էր, որ 2010-ին առաջընթաց չի արձանագրվել բանտային պայմանները բարելավելու կամ անչափահասների նկատմամբ արդարադատությունը կատարելագործելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG