Մատչելիության հղումներ

Ստյոպա Սաֆարյան. «ՀԱԿ-ի առաջնորդի ելույթը հակասություններ էր պարունակում»


«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյան
«Հայաստանում գարնանը` մարտ ամսին, ըստ էության բաց է թողնվել երկրում լուրջ փոփոխություններ բերելու պահը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Քաղաքական պահը կամ, ինչպես Հայ ազգային կոնգրեսի ղեկավարն է ասում` կոնդիցիան, երբ մինչեւ 100 հազար մարդ դուրս եկավ փողոց, եւ կարող էր համաժողովրդական երկրորդ շնչառություն ստացող այդ շարժումը ուղղակի ստիպել երկրում գնալ լուրջ փոփոխությունների», - մանրամասնեց Սաֆարյանը` հավելելով. - «Ցավով պիտի արձանագրեմ, որ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարի դրվատանքի խոսքերը իշխանության հասցեին վկայում են այն մասին, որ իրեն բավարարում են այս իմիտացիոն եւ կոսմետիկ քայլերը»:

Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վերջին հանրահավաքը եւ դրանում հնչած հայտարարությունները, մասնավորապես` որ ՀԱԿ-ը պատրաստ է իշխանության հետ երկխոսության, օրակարգում ունենալով մեկ հարց` արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց. - «Պետք է ասեմ, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի ելույթը բավականին հակասություններ էր պարունակում: Իր ելույթում, մասնավորապես, նա մի քանի անգամ հղում է անում իշխանության բանականությանը, իրատեսությանը, որը այս շրջանում, այս վերջին ամիսներին առկա է մի շարք գործոնների ճնշման տակ` արաբական հեղափոխություններ, Ղարաբաղյան խնդրով զարգացումներ եւ այլն, եւ այս կապակցությամբ ուղղակի տրամաբանական հարց է ծագում` եթե իշխանությունը դարձել է իրատես եւ բանական, ինչպես ՀԱԿ առաջնորդն է նշում, լուծում է տալիս այն խնդիրներին, որոնք բարձրացվում են հասարակության, Հայ ազգային կոնգրեսի կողմից, այդ դեպքում ինչո՞ւ պետք է հեռանան իշխանությունները մի այնպիսի շրջանում, երբ իրենց շատ իրատեսական եւ բանական են պահում»:

«Անհասկանալի էր ինձ համար նաեւ, որ ըստ էության շատ բաց տեքստով նշվեց, որ Հայ ազգային կոնգրեսը մերժում է հեղափոխական պայքարի հեղափոխական մեթոդները. այդ դեպքում ինչո՞ւ են իրենց արմատական ընդդիմություն հռչակել, եւ ըստ որում` միակ, եթե այդ պայքարը արմատական չէ, լուծումները արմատական չեն», - ընդգծեց Սաֆարյանը` ամփոփելով. - «Ուզում եմ ասել, որ առկա են բազմաթիվ հակասություններ, ավելի շատ` պայքարի նոր որդեգրված մոտեցման արդարացումներ, քան թե կոնկրետ ասելիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG