Մատչելիության հղումներ

Բրիտանական Oxfam կազմակերպությունը պարենային համակարգի գլոբալ բարեփոխումների կոչ է անում` զգուշացնելով, որ հակառակ դեպքում հիմնական սննդամթերքի գները կարող են ավելի քան երկու անգամ բարձրանալ առաջիկա 20 տարիների ընթացքում` խորացնելով միլիոնավոր մարդկանց աղքատությունը:

Oxfam-ի մասնագետները կանխատեսում են, որ բնակչության աճը, համապատասխանաբար` սննդամթերքի պահանջի աճը, եւ կլիմայի փոփոխության ազդեցությունը ավելացնելու են խնդիրները:

Կազմակերպության մենեջեր Ադամ Ասքյուն իրավիճակը բնորոշել է որպես «պարենային չգործող համակարգ»:

«Պարենային գլոբալ համակարգը չի գործում: Մոտավորապես մեկ միլիարդ մարդ սովի է մատնվում` դա աշխարհում կազմում է 7-ից 1 բնակիչը: Միաժամանակ, բնական ռեսուրսները լրջորեն հյուծվել են, եւ մեծացել է կլիմայական փոփոխության ազդեցությունը: Այդ պատճառով, Oxfam-ը նախազգուշացնում է, որ այս խնդիրների շուրջ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել», - ասել է Ասքյուն:

Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2030 թվականի սահմաններում հիմնական սննդամթերքի գները աճելու են 120-180 տոկոսով, աշխարհի բնակչությունն էլ 2050 թվականի սահմաններում մեկ երրորդով ավելանալու է` հասնելով ավելի քան 9 միլիարդի, իսկ սննդամթերքի պահանջը ավելի շատ է աճելու` 70 տոկոսով:

Միտումները այսօր իսկ արդեն նկատելի են: Այս տարվա ապրիլին Համաշխարհային բանկը հայտնեց, որ մթերքի գները անցյալ տարվա համեմատությամբ 36 տոկոսով աճել են: Սննդամթերքի գների ուսումնասիրության` Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, պարենային գների աճի արդյունքում 44 միլիոն մարդ աղքատության մեջ է հայտնվել 2010 թվականից մինչեւ 2011 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում:

Աղքատ երկրները ավելի շատ են զգում սննդամթերքի գների աճի ազդեցությունը, քան զարգացած երկրների բնակիչները:

Ղրղըզստանում բնակչության ամենաաղքատ 10 տոկոսը իր բյուջեի 70 տոկոսը ծախսում է սննդամթերքի վրա, իսկ գնաճն էլ կազմել է 27 տոկոս:

Oxfam-ի մենեջերը բերել է նաեւ Հայաստանի օրինակը` ասելով. - «Հայաստանում, օրինակ, բազմաթիվ խնդիրներ կան սննդամթերքի գների հետ կապված: Մենք մի կնոջ հանդիպեցինք` Իրինա անունով, ով մեզ ասաց, թե շատ բաներ կան, որ կցանկանար գնել իր երեխաների համար` բանան, նարինջ, կիվի, բայց դրանց կիլոգրամը 800-900 դրամ է, մեկ պարկ ալյուրը 7 հազար դրամ է, իսկ դա նշանակում է, որ Իրինայի նման մարդիկ կարիքի մեջ են»:

Oxfam-ի մասնագետները լուծումը տեսնում են պարենային պահուստների բազմակողմանի համակարգ ստեղծելու, ինչպես նաեւ` պարենի միջազգային շուկայում չարաշահումները վերահսկելու, ֆերմերային փոքր տնտեսություններում եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարող հիմնադրամում ներդրումներ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG