Մատչելիության հղումներ

Գյումրիի պետական բուհերը լուրջ խնդիրների առջեւ են կանգնած


Վերջին 2-3 տարիներին Գյումիում գործող պետական բուհերը կանգնած են մեկ խնդրի առաջ` դիմորդների քանակն է վնազում, թափուր են մնում անգամ պետական պատվերով տեղերը:

Իսկ այս տարին դիմորդների առումով «ճգնաժամային» է, քանի որ 12-ամյա կրթական համակարգին անցման կապակցությամբ դպրոցները շրջանավարտներ չտվեցին:

Քաղաքում գործող 4 պետական բուհերում դիմորդների թիվը հասնում է ընդամենը 100-ի:

Այսօր` դիմումների ընդունման վերջին օրը, Գյումրիի մանկավարժական ինստիտուտում գրանցվել է 51 դիմորդ` թեեւ միայն պետպատվերով հատկացված է 73 տեղ:

Ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ բուհը կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ:

«Վերջին երկու տարիներին բուհում պակաս ընդունվել են մոտ 700 ուսանող», - շարունակեց Գրիգորյանը` օրինակ բերելով, որ բուհի բաժիններից մեկում դասախոսներն ավելի շատ էին, քան ուսանողները:

Ռեկտորի խոսքով, իրենք պատրաստվում են կարդային կրճատումների. - «[Կրճատումը] Չի լինի զանգվածային… 500 աշխատող ունենք: Այդ 500-ի մեջ կարող է ընդամենը 5 տոկոս կազմել: Բոլորին հիշեցման թերթիկ ուղարկել ենք` բացատրելով, որ դա չի նշանակում, որ վաղը դուք աշխատանքից ազատվելու եք, հիմա փաստորեն փոխվում է մեր աշխատանքի պայմանը, որովհետեւ չի լինելու ուսանող»:

Նրա խոսքով, դիմորդների բացը փորձելու են լրացնել հեռակա ուսուցմամբ եւ մագիստրատուրա ընդունվողների հաշվին:

Առավել վատ է վիճակը Երեւանի ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում` դիմորդների թիվն այստեղ մեկ տասնյակի էլ չի հասնում:

Հարցին, թե ինչով է բացատրվում տեխնիկական բուհի նկատմամբ հետաքրքրության պակասը, բուհի ռեկտոր Վահագն Շահբազյանը արձագանքեց. - «Պետք է լինի աշխատելու տեղ: Օրինակ, ինչու մեր տնտեսագետները եւ ինֆորմացիոն տեխնոլոգիայի շրջանավարտները պարտադիր տեղ ունեն եւ այդ մասնագիտությամբ մենք պրոբլեմ չունենք: Վերջին երկու տարում մենք ունեցել ենք 250-ի փոխարեն 100-ական ուսանողներ, եւ այդ մասնագիտությունների գծով մենք պրոբլեմ չենք ունեցել: Մենք ունեցել են մյուս մասնագիտությունների գծով, ասենք` տեքստիլ արդյունաբերություն, որը չկա»:

«Ցանկացած պետության հզորությունը, իմիջը բաղկացած է շատ գործոններից, որոնցից մեկն էլ այն է, թե տեխնիկական կրթությունը զարգացած է, թե ոչ: Ինչքան էլ լավ որակի մասնագետներ տանք, նրանք չեն կարող աշխատել, որովհետեւ չկան այդ ձեռնարկությունները, որոնք պետք է ապահովեն այդ պետության հզորությունը», - ասաց Շահբազյանը:

Ռեկտորը նշեց, որ իրենք էլ բոլոր աշխատողներին աշխատանքային պայմանագրերի խզման հնարավորության մասին հիշեցման թերթիկներ են ուղարկվել` այդուհանդերձ հավելելով. - «Այսօր որեւէ դասախոսի կրճատման մասին խոսք չի գնում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG