Մատչելիության հղումներ

Էրդողանի հանդիպումը համշենցիների հետ ուղեկցվել է բախումներով


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախընտրական հանդիպում է անցկացնում երկրի հյուսիսային Քասթամոնու քաղաքում, 4-ը մայիսի, 2011թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախընտրական հանդիպում է անցկացնում երկրի հյուսիսային Քասթամոնու քաղաքում, 4-ը մայիսի, 2011թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ընտրարշավը համշենցիներով բնակեցված Հոպա քաղաքում ուղեկցվել է բախումներով, որոնց հետեւանքով տեղի մի բնակիչ է մահացել, իսկ վարչապետի թիկնապահներից մեկը ծանր վիրավորվել է:

Էրդողանի դեմ բողոքի գործողությունները Հոպայում սկսվել են դեռ երեքշաբթի առավոտյան` Թուրքիայի վարչապետի ժամանումից առաջ: Մի խումբ ցուցարարներ հանրահավաքի անցկացման վայրում տեղադրել էին «Էրդողան, հեռացի'ր Հոպայից» մակագրությամբ պաստառ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հսկայական դրոշը փակցված է եղել շենքերից մեկին:

Միջամտել է ոստիկանությունը` կիրառելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, բախումների ընթացքում զոհվել է Մեթին Լոքումչուն` մի տարեց ուսուցիչ, ով սրտի կաթված է ստացել ոստիկանության գործողությունների հետեւանքով. Լոքումչուի բարեկամները հայտնել են, որ ոստիկանները հարվածել են նրան, երբ նա արդեն իսկ արցունքաբեր գազի պատճառով գետնին ընկած է եղել:

9 հոգի վիրավորվել է, եւս 6-ը` թունավորվել ոստիկանության կիրառած գազային նռնակից, Hurriyet Daily News-ին հայտնել են Հոպայի հիվանդանոցից:

Երբ Էրդողանի ավտոբուսը հեռացել է հանրահավաքի վայրից` ուղղվելով դեպի ուղղաթիռի կայանատեղին, հանրահավաքի վայրից սկսել են քարկոծել այն: Էրդողանի թիկնապահները ավտոբուսի վրայից կրակահերթ են բացել` փորձելով պոկվել հետապնդող ցուցարարներից: Hurriyet Daily News-ի կայքում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ավտոբուսի տանիքին թիկնապահներից մեկը քարի հարվածից կորցնում հավասարակշռությունն ու ընկնում ավտոբուսի հետեւից ընթացող ավտոմեքենաների անիվների տակ: Թիկնապահը ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց:

Էրդողանը այս բախումները վերագրել է «ավազակների խմբերի», որ եկել են Հոպա եւ հրահրել անկարգություններ:

Իսմեթ Շահինը, ով «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության թեկնածուն է, ասել է, որ Հոպայի հանրահավաքը հազարավոր մարդիկ են կազմակերպել: Նա հավելել է, որ հանրահավաքին Էրդողանի թիմը Տրապիզոնից եւ Ռիզեից աջակիցների էր բերել, քանի որ տեղից որեւէ մեկը վարչապետի նախընտրական հավաքին չէր ցանկանում մասնակցել:

Շահինը հավելել է, որ տեղի իշխանությունները դեռ երեք օր առաջ զգուշացրել էին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը` այդ տարածաշրջան չայցելել, սակայն Էրդողանը համառորեն հանրահավաքի վայրը տեղափոխել է Արտվինից Հոպա, ուր ձախերը քաղաքական իշխանություն ունեն:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են հունիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG