Մատչելիության հղումներ

Անառողջ խմորումներ Ռուսաստանի հավաքականում


Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ասուլիսի ժամանակ, արխիվ

Երեք օրից Սանկտ Պետերբուրգում «Եվրո - 2012»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալելու է Հայաստանի հավաքականին: Երեւանյան ոչ-ոքիից հետո այժմ Ռուսաստանի հավաքականին անհրաժեշտ է միայն հաղթանակ, սակայն ռուսաստանյան մամուլը գրում է իրենց հավաքականում սկիզբ առած անառողջ խմորումների մասին:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, այնուհանդերձ, պնդում է, թե իրավիճակը թիմում «այնքան վատ չէ, որքան ներկայացնում են»:

«Մեր թիմը Հայաստանի հետ խաղի ընթացքում 100 տոկոսից ավելի ջանք պետք է գործադրի` հաղթանակի հասնելու համար», - հայտարարել է Ադվոկատը երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանցի մարզական լրագրողները մի շարք ոչ այնքան հաճելի հարցեր են ուղղել Ադվոկատին` կասկածի տակ առնելով Ռուսաստանի հավաքականի կարողությունները:

Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի հավաքականում ստեղծված հոգեբանական մթնոլորտի մասին է, որի յուրատեսակ դրսեւորումը դարձավ թիմի առաջատարներից մեկի` անգլիական «Թոթենհեմ»-ի հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի օրերս հրապարակված հարցազրույցը: Ռուսական թերթերից մեկին տված այս հարցազրույցում Պավլյուչենկոն հայտարարել էր, թե Ադվոկատը թիմում մերձավորների մի խումբ է ձեւավորել, որոնք էլ հայտնվում են հավաքականի հիմնական կազմում:

Սրան ի պատասխան` Ադվոկատը նշել է. - «Միանշանակ ասում եմ, որ Պավլյուչենկոյի հետ համաձայն չեմ: Մյուս կողմից, սակայն, չեմ կարող չնշել, որ այն, ինչ Ռոմանն ասում է հարցազրույցներում, նույն դժգոհությունները ես նրանից լսում եմ դեմ առ դեմ շփման ժամանակ»:

Ընդհանուր առմամբ, Դիկ Ադվոկատը հերքում է Ռուսաստանի հավաքականում սկիզբ առած անառողջ խմորումների մասին լուրը` նշելով, թե առաջիկա 4 օրերին ինքը անձամբ կզբաղվի հավաքականի ներսում առկա դժգոհությունները մեղմելու գործով:

Դիմելով հավաքականի այն անդամներին, որոնք խաղից խաղ հայտնվում են պահեստային կազմում, Ադվոկատը նշել է. - «Որպես կանոն, առաջին րոպեից խաղին մասնակցում են այն ֆուտբոլիստները, որոնց մարզավիճակը բավարար է»:

Խոսելով Հայաստանի հետ Սանկտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա հանդիպման մասին` Դիկ Ադվոկատն ասել է. - «Դա շատ կարեւոր հանդիպում է լինելու: Ես հուսով եմ, որ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, եւ մեր թիմի խաղացողները կզգան, որ դա իրոք սեփական հարկի տակ ընթացող խաղ է»:

Ռուսաստանի հավաքականում սկանդալային զարգացումների պատճառ դարձած Ռոման Պավլյուչենկոն եւս երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հունիսի 4-ի խաղին` նշելով. - «Հայաստանի հավաքականի նկատմամբ տածած իմ ողջ հարգանքով հանդերձ` ես, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք անպայման պետք է հաղթենք: Հայաստանում մենք չկարողացանք հաղթել, քանի որ հայերը սեփական հարկի տակ, որպես կանոն, լավ են խաղում: Բացի այդ, ես երեւանյան հանդիպմանը չէի մասնակցում: Իսկ Պետերբուրգում, ես կարծում եմ, լեփ-լեցուն ստադիոն եւ լավ մթնոլորտ կլինի: Կարեւոր չէ` որտեղ ես խաղում, կարեւորը լավ դաշտն է, լավ մթնոլորտն ու լավ մարզասերների բանակը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG