Մատչելիության հղումներ

Այսօր ՖԻՖԱ-ն նախագահ է ընտրելու


Մոհամեդ Բին Համամ (ձախից) եւ Զեփ Բլաթեր
Մոհամեդ Բին Համամ (ձախից) եւ Զեփ Բլաթեր
Ֆուտբոլի ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը` ՖԻՖԱ-ն տարեկան ժողովների ընթացքում քննարկում եւ քվեարկությամբ ընդունում է իր գործունեությանը վերաբերող առաջարկներ եւ բանաձեւեր: Չորս տարին մեկ անգամ էլ այդ կոնգրեսը նախագահ է ընտրում: Հունիսի 1-ին հենց այդպիսի օրակարգով է ՖԻՖԱ-ն ժողով գումարում:

Ինչպես Reuters լրատվական գործակալությունն է նշում, սովորաբար դա տաղտկալի գործընթաց է` ՖԻՖԱ-ի նախագահը հանդես է գալիս ելույթով, պատմում, թե ինչ լավ է աշխատում կազմակերպությունը, մասնակիցները քննարկում են ներկայացված զեկույցը, ապա անցնում քվեարկության: Բայց այս անգամ ՖԻՖԱ-ի կոնգրեսի անդամներն ու լրագրողները բնավ չեն ձանձրանա, որովհետեւ մոլորակի ամենասիրված մարզաձեւի գոյությունը կարգավորող միջազգային կառույցում աներեւակայելի եւ ամոթալի սկանդալ է պայթել` որոշ պաշտոնյաներ մեղադրվում են կոռուպցիայի մեջ:

Սկանդալի արդյունքում ՖԻՖԱ-ի նախագահության երկու թեկնածուներից մեկը` Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՖԻՖԱ-ի փոխնախագահ քաթարցի Մոհամեդ Բին Համամը որակազրկվել է, նրա լիազորությունները սառեցված են մինչեւ հուլիս կայանալիք ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի նիստը:

Ուստի, մնացել է մեկ թեկնածու` ՖԻՖԱ-ի գործող նախագահ շվեյցարացի Զեփ Բլաթերը:

Կոնգրեսի 208 անդամներից այս տարի 205-ը ունեն քվեարկության իրավունք: Նրանք պետք է որոշեն, թե արդյո՞ք տեղի կունենա նախագահի ընտրությունը:

Զեփ Բլաթերը 1998 թվականից է ղեկավարում ՖԻՖԱ-ն:

Որակազրկված է եւս մեկ փոխնախագահ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի` Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան շրջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Տրինիդադ եւ Տոբագոյի ներկայացուցիչ Ջեք Ուարները:

Բին Համամը եւ Ուարները հերքում են մեղադրանքները:

Արդյո՞ք ՖԻՖԱ-ն կարող է հետաձգել նախագահի ընտրությունը, ինչպես պահանջում են Անգլիայի եւ Շոտլանդիայի ֆեդերացիաները: Տեսականորեն հնարավոր է, սակայն դրա համար կոնգրեսի առնվազն 75 տոկոսը պետք է հավանություն տա նախագահի ընտրությունը հետաձգելու առաջարկին, մինչդեռ, ըստ Reuters-ի, Բլաթերը կոնգրեսում ունի մեծ թվով աջակիցներ, եւ դժվար թե նրանք այդպիսի տհաճություն պատճառեն նախագահին:

Ինքը Բլաթերը նախօրեին ասուլիսում հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում ճգնաժամ չկա:

«Մենք ճգնաժամի մեջ չենք, մենք ընդամենը դժվարություն ենք ապրում, բայց այն կհաղթահարեք ընտանիքի ջանքերով», - ասել է Զեփ Բլաթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG