Մատչելիության հղումներ

Հուլիսի 3-ից «Մոսկվա» կինոթատրոնում հնարավոր կլինի ունկնդրել հայկական առաջին` «Թափառում» ռոք-օպերան, ինչպես նաեւ դիտել համանուն գեղարվեստական ֆիլմը: Սա առաջին նմանօրինակ հայկական ֆիլմն է:

Ռոք-օպերայի լիբրետտոյի եւ երաժշտության հեղինակը Արամ Սուքիասյանն է, ով այն գրել էր դեռ 2004 թվականին: Բեմադրող ռեժիսորը, ինչպես նաեւ գլխավոր դերակատարը Արշալույս Հարությունյանն է: Ռոք-օպերան ստեղծվել է Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» գործի հիման վրա:

Գլխավոր դերերգերը կատարում են Արմեն Ադամյանը, Սարգիս Մանուկյանը, Արման Էլբերտը, Անահիտ Շահյան, Գեորգի Ամիրաղյանը, Աստղիկ Արծրունին եւ այլք:

Սուքիասյանի խոսքով` ֆիլմը նկարահանվել է 53 օրում, իսկ մոնտաժի եւ ֆիլմի գրաֆիկայի աշխատանքները տեւել են գրեթե 1.5 տարի:

«Սա մի ֆիլմ է, որի 40 տոկոսը կազմում է գրաֆիկան, եւ կարծեմ, որ հայ իրականության մեջ չկա այդօրինակ ֆիլմ, այն որպես այդպիսին նորույթ է», - երեքշաբթի կայացած ասուլիսում ասաց Արամ Սուքիասյանը:

Ֆիլմը այս տարի արդեն ներկայացվել է Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում, որից հետո մի շարք միջազգային փառատոների մասնակցության հրավերն է ստացել: «Թափառում»-ը առաջիկա ամիսներին որպես լիամետրաժ ֆիլմ կցուցադրվի Հռոմի, Վիեննայի եւ Նյու Յորքի կինոփառատոներին:

Ֆիլմը ֆանտաստիկ ժանրից է. ֆիլմի գլխավոր հերոսը, վթարի է ենթարկվելով, տեղափոխվում է հիվանդանոց, բժիշկները տեսնելով նրա մոտալուտ մահ նրա ուղեղը տեղափոխում եւ պատվաստում են այլազգի մի հիվանդի: Հեղինակների խոսքով` ֆիլմի գաղափարական հիմքում առկա են քրիստոնեության, հոգու հավերժության, մարդկության գործած մեղքերի ու ոտնձգությունների, պատմական անարդարությունների եւ աստծո տվածից գոհունակ լինելու թեմաները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG