Մատչելիության հղումներ

logo-print
Մասնագետների կարծիքով վերջին տարիներին Հայաստանում ծխողների վիճակագրությունը գրեթե չի փոխվում:

Առողջապահության նախարարության Ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ 2009-ից հետո Հայաստանում հետազոտություններ չեն արվել, սակայն նրա գնահատականով` վերջին տարիներին վիճակը գրեթե չի փոխվում: Բազարչյանի ունեցած տվյալներով, Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխում է: Ծխում է նաեւ երեւանցի կանանց 6-7 տոկոսը եւ մարզերում ապրող կանանց 1 տոկոսը:

Հիմնական խնդիրը, ըստ Բազարչյանի, շարունակում է մնալ հասարակական վայրերում, տրանսպորտում ծխելու արգելքը կիրառելը, քանի որ գրեթե չի գործում տուգանքի մեխանիզմը:

«Մի քանի հարյուր տուգանք կար 2010 թվականին, եւ մի քանի տասնյակ տուգանքներ` 2011-ին», - նշեց մասնագետը:

Հայաստանը 2004 թվականից միացել է ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որին հաջորդել են մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ավագ ղեկավար Նարինե Մովսիսյանն արձանագրում է. - «Առաջին երկու տարիներին եղել են բավականին մեծ փոփոխություններ օրենսդրական դաշտում: Սակայն հետագայում ակտիվությունը պակասեց, եւ այսօր մենք դոփում ենք տեղում»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2030 թվականին ծխելու հետեւանքով մահացողների թիվը տարեկան կհասնի 8 միլիոնի: Հիմա այդ ցուցանիշը տարեկան 1.5 միլիոնի շրջանակում է: Ընդ որում, մոտ 600 հազար մարդ պասիվ ծխելու հետեւանքով է մահանում, այսինքն` ինքը չի ծխում, սակայն շրջապատում, ընտանիքում կանոնավոր ծխողներ կան:

«Այս մահերը ակնկալվում են, որ տեղի կունենան հենց մեր նման անցումային եւ զարգացող երկրներում: Թե ինչու` պարզ է. ե'ւ ծխելու տարածվածությունն է բարձր, ե'ւ համապատասխան միջոցների պակաս կա», - նշեց Նարինե Մովսիսյանը:

Մասնագետները որոշակի առաջընթաց են արձանագրում օրինակ գովազդի դաշտում, բացի այդ ծխախոտատուփի 30 տոկոսը «Ծխելը վնասակար է առողջությանը» մակագրությունն է ծածկում: Մինչդեռ առայժմ անվերահսկելի է անչափահասներին ծխախոտ վաճառելու հարցը:

Ծխելու դեմ պայքարի օրվա կապակցությամբ այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ակտիվիստները Երեւանի փողոցներում պատահական անցորդներին թռուցիկներ էին բաժանում եւ բացատրում ծխելու վնասները: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք նշեցին, որ ընդհանուր առմամբ մարդիկ տեղյակ են ծխելու վնասներից, սակայն դրանով հանդերձ ցանկություն չունեն դադարեցնել ծխելը եւ այս խնդիրը իրենց համար այնքան էլ էական չէ:

Անցորդների շրջանում մեր անցկացրած հարցումը վկայում է. մարդիկ ծխում են հիմնականում ոչ թե հաճույքի, այլ լարվածությունը, սթրեսը ցրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG