Մատչելիության հղումներ

Վրաստանի դեսպանը պնդում է, որ Վրաստանում «իրավիճակը կայուն է»


Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլի

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլի

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին կարծում է, որ Հայաստանում եւ Վրաստանում ձեւավորված ներքաղաքական իրավիճակների միջեւ կան որոշակի տարբերություններ: Ամենաէական տարբերությունը, ըստ դեսպանի, այն է, որ բոլոր մակարդակներով, այդ թվում` ռազմաքաղաքական առումով եվրահամայնքին ինտեգրվելու իր ձգտման մասին հստակորեն հայտարարած Վրաստանին ներսից խոչընդոտողներ կան:

«Կան արտերկրից ֆինանսավորվող մարդկանց խմբեր, որոնք ամեն կերպ Վրաստանին խանգարում են իր այդ ձգտման ճանապարհին: Մինչդեռ, որքան ես տեղյակ եմ, Հայաստանում երկրի զարգացմանը այդ կերպ ուղղակիորեն դիմակայողներ չկան», - հայտարարեց Թենգիզ Շարմանաշվիլին երեքշաբթի Վրաստանի պետական անկախության տոնի առիթով հրավիրված ասուլիսում` հավելելով, թե առնվազն իր տպավորությամբ` այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում, «զուտ ներհայաստանյան գործընթացներ են եւ չեն հրահրվում այլ երկրների կողմից»:

Վրաստանում տեղի ունեցող վերջին օրերի ներքաղաքական զարգացումների` Թբիլիսիում անցյալ շաբաթ տեղի ունեցած բախումների առնչությամբ Շարմանաշվիլին ասաց, որ Վրաստանում իրավիճակը կայուն է եղել եւ այժմ էլ կայուն է: Դեսպանի ձեւակերպմամբ` անպատասխանատու քաղաքական գործիչների մի խմբի ջանքերով խաղաղ ցույցերը վերաճեցին ուժային առճակատման, ուստի ոստիկանությունը նրանց գործողությունները կանխելու համար դիմեց համարժեք քայլերի:

«Կան կալանվածներ, ընթանում է քննություն, նրանց նկատմամբ կլինի արդար դատավարություն, մենք բոլորս կտեղեկանանք դրա արդյունքներին», - ասաց Շարմանաշվիլին:

Իսկ առհասարակ ցույցերի վերաբերյալ դեսպանը ասաց, որ նման միջոցառումներին մասնակցելը Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է:

«Ցանկացած պահի մարդիկ օրենքի սահմաններում կարող են հանդես գալ ցույցերով եւ բողոքի ելույթներով, եւ դա մեզ մոտ ամենեւին էլ չի համարվում ներքին իրադրության ապակայունացում», - ասաց Շարմանաշվիլին:

Թենգիզ Շարմանաշվիլին բավական բարձր գնահատեց Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը` նշելով, որ անկախության 20-ամյա շրջանում երկու երկրների հարաբերությունները դեռեւս երբեք այսչափ արդյունավետ չեն եղել. - «Այդ հարաբերությունները շատ աշխույժ են առաջին հերթին քաղաքական մակարդակում: Ինքներդ էլ գիտեք, թե ինչ հաճախ են շփվում մեր երկրների նախագահները, որոնց միջեւ նաեւ մարդկային լավ հարաբերություններ են ձեւավորվել, ինչն ուրախացնող է: Բացի այդ, սերտ հարաբերություններ են հաստատվել նաեւ երկու երկրների կառավարությունների միջեւ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է պատկերացնում երկու երկրների գործընկերային հարաբերությունների ապագան` հաշվի առնելով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա խնդիրները, դեսպանն արձագանքեց. - «Ուրախ եմ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հետեւյալ արձանագրումից` մեր հարաբերությունների վրա երբեք չեն ազդի երրորդ երկրների հետ ունեցած հարաբերությունները: Այնպես որ, եթե հետեւում եք գործընթացներին` ե'ւ Հայաստանը, ե'ւ Վրաստանը աշխատում են նման խնդիրներին չդիպչել, երբ հարցը վերաբերում է երկկողմ հարաբերություններին: Մենք հարեւաններ ենք եղել ու միասին զարգացել ենք դեռեւս այն ժամանակ, երբ այդ երրորդ սուբյեկտները ընդհանրապես աշխարհում գոյություն չեն ունեցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG