Մատչելիության հղումներ

Մայիսի 31-ի մամուլ


«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ղարաբաղը պահելու այլ ճանապարհ Հայաստանը չունի, ազգային միասնականության այլ հիմք, քան քաղաքացիական իրավունքը, ժամանակակից աշխարհում թերեւս գոյություն չունի: Դա ունիվերսալ հիմք է, որը ցանկացած այլ հիմքից ամուր է տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության մեր ժամանակաշրջանում: Երբ առաջ է գալիս այլընտրանքային քաղաքացիական հայեցակարգը, ապա բնականաբար հարց է առաջանում արդեն, թե օրակարգային եւ ծրագրային ի՞նչ տարբերություններ կան Կոնգրեսի եւ իշխանության առաջ մղող գործընթացի եւ դրա քննադատների մոտեցումերի միջեւ: Այսինքն, արդեն ձեւավորվում է ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ առարկայական մոտեցումների կոնկրետ պայքար: Այլապես չափազանց պրիմիտիվ է ստացվում, երբ ասվում է, թե ահա Կոնգրեսն ու իշխանությունը Ղարաբաղը ուզում են ծախել Արեւմուտքին Հայաստանում քաղաքական գերակայության դիմաց, իսկ մենք ահա չենք ուզում ծախել ոչ մի դեպքում, ուրեմն եկեք եւ հավատացեք ու նվիրվեք մեզ: Այդպես չի լինում»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Տարիներ շարունակ իշխանությունները Հայաստանում կեղծում էին հնարավոր բոլոր ընտրությունները, ոտնահարում էին մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, բացահայտորեն արհամարհում էին ՀՀ սահմանադրությունը, եւ երբ քաղաքական որեւէ ուժ բարձրացնում էր այս հարցերը, պատասխանը նույնն էր լինում. - «Հիմա ժողովրդավարության վախտը չի, պատերազմի մեջ ենք, ու եթե դուք էդ հարցը բարձրացնում եք` ուրեմն ազգի դավաճան եք»: Բառացի չէր ասվում, բայց իմաստը դա էր: Պարզ ասած` բոլորն իրենց հանցագործություններն արդարացնում էին «փաստացի պատերազմական վիճակով»: Հիմա հանկարծ Սերժ Սարգսյանն ասում է` գիտե՞ք ինչ, դա այդպես չի, անհատների շահերը նույնքան սրբազան են, որքան ազգային շահը, ու միայն ուժեղ բանակ ունենալը շատ քիչ է, որովհետեւ եթե մարդիկ իրենց երկրում ազատ չեն, ինչո՞ւ պիտի պաշտպանեն այդ երկիրը: Սա իսկապես կարելի է անվանել «գաղափարական հեղաշրջում»»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ասում է. - «Չեմ բացառում, որ որոշակի շրջանակներում մասնակի` ոչ ամբողջական իշխանափոխություն լինի, եւ ՀԱԿ-ը դառնա իշխանության մաս։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է խոսել արմատական բարեփոխումների մասին` այն, ինչը ինձ, որպես «ռոմանտիկ» քաղաքական գործչի, հետաքրքրում է առաջին հերթին։ Երկրորդ` եթե այս քայլերը ՀԱԿ-ը համարում է իր հաղթանակը, սա ինձ համար առնվազն անհասկանալի է, որովհետեւ 2008թ. Ազատության հրապարակը բաց էր, մինչեւ մարտի 1-ը քաղբանտարկյալներ, ըստ էության, չկային «Մարտի 1»-ի բացահայտման խնդիր էլ ընդհանրապես գոյություն չուներ։ Այսինքն` վերադարձել ենք ի շրջանս յուր։ Եթե ելման կետին վերադառնալն ինչ-որ մեկի համար հաղթանակ է, մեզ համար, իհարկե, այդպես չէ։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, արտահերթ զարգացումներ այս պահին կարծես թե չեն նշմարվում»։

«168 ժամ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին հարցնում է. - «Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա բարեփոխումների չէիք գնում: Հեղափոխության կամ իշխանափոխության վտանգն այս 3 տարիներին մեծ է եղել: Սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատացել է, ավելացել է ժողովրդի մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհությունը»: Պատասխան. - «Ամեն ժամանակահատված իր տրամաբանությունն ունի, իրադարձությունների շարքն ունի: 2008-ին եղան հայտնի իրադարձությունները: Ներքին խնդիրներից բացի, մենք ունենք արտաքին սպառնալիքներ: Եվ մենք փորձում ենք ներքին կայունություն ունենալ: Մենք մեղք չունենք, որ ընդդիմության պահանջների ժամանակահատվածն ու Ադրբեջանի ռազմական սպառնալիքները համընկել են: Եվ մենք ստիպված գնում ենք կայունության բարեփոխումների, երկխոսության պրոցեսի, որպեսզի ամրապնդենք ներքին միասնականությունը: Գուցե հանուն պետականության, հանուն կայուն հասարակության մենք ինչ-որ բան կորցնում, զիջում ենք: Բացի այդ, կա միջազգային հանրություն, որն այսօր տրամադրված է բոլորին հավասար աչքով նայելու: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երեք նախագահների հայտարարությունն ասում է այն մասին, որ նաեւ այս տարածաշրջանում է հարկավոր լուծումները տալ ինքնորոշման իրավունքի ճանաչման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման ճանապարհով»:

«ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը «Կապիտալ»-ին ասել է, որ «ՀայՌուսգազարդը» եւ «Գազպրոմէքսպորտն» այս տարվա ապրիլին ստորագրել են 2008թ. պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը սահմանել են 2011թ. Հայաստան առաքվող բնական գազի տարեկան եւ ամսական չափաքանակները: «Ինչ վերաբերում է 2008թ. ստորագրված պայմանագրի պայմաններին, ապա այն սահմանում է, որ 2011թ. ընթացիկ ժամանակահատվածի համար կողմերը պետք է համաձայնեցնեն բազային գնի մակարդակը»,- ասել է նա։ Հարցին, թե գազի ինչ գին է ամրագրված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրում, Սարդարյանը պատասխանել է. - «Նշված բազային գնի վերաբերյալ ներկայումս լրացուցիչ համաձայնագիր կողմերի միջեւ դեռ կնքված չէ: Բանակցությունները շարունակվում են»: Հայաստան առաքվող գազի վերջնական գինը պետք է որոշվեր մինչեւ այս տարվա մայիսի 1-ը: «Գազպրոմ»-ը եւ «ՀայՌուսգազրադ»-ը այդպես էլ չեն կարողանում գտնել փոխադարձ ընդունելի գին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG