Մատչելիության հղումներ

logo-print
Արտահերթ նախագահական ընտրությունները Աբխազիայում կկայանան առաջիկա երեք ամիսների ընթացքում:

Այդ երկրի նախագահ Սերգեյ Բագապշի հանկարծակի մահը Աբխազիայի քաղաքական դաշտում կատարյալ անորոշության է հանգեցրել: Արդեն երկրորդ օրն է, ինչ Սուխումիում, Թբիլիսիում եւ Մոսկվայում փորձում են կանխատեսել` ո՞վ է լինելու Աբխազիայի երրորդ նախագահը:

Վերլուծաբանները հիմնականում երեք թեկնածուների անուն են հնչեցնում:

Առաջինը փոխնախագահ, այժմ արդեն նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբն է: Նա Բագապշի մերձավոր զինակիցներից էր, լավ կապեր ունի Մոսկվայում, որտեղ 90-ականներին բիզնեսով է զբաղվել: Աբխազական հանրության շրջանում Անկվաբը միանշանակ չի ընկալվում, ինչի անուղղակի ապացույցը նրա դեմ իրականացված մահափորձերի քանակն է: 2005-ից 2007 թվականներին, այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Անկվաբի դեմ 5 անհաջող մահափորձ է իրականացվել:

Նախագահության մյուս իրական թեկնածուն գործող վարչապետ, երկար տարիներ Աբխազիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Շամբան է:

Շամբան Աբխազիայում բնակվող հայերի համար թերեւս ամենագերադասելի թեկնածուն է` հաշվի առնելով այն սերտ կապերը, որ ձեւավորվել են նրա մոտ ոչ միայն Աբխազիայի հայության, այլեւ որոշ հայաստանյան շրջանակների հետ:

Հիշեցնենք, 1998-ի աշնանը մասնագիտությամբ պատմաբան Շամբան իր դոկտորական թեզը պաշտպանեց հենց Երեւանում:

Դրամագիտությանը նվիրված Շամբայի դիսերտացիայի` Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կազմակերպված պաշտպանությունն անգամ հայ-վրացական դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ:

Աբխազիայի նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներից եւս մեկը` խորհրդային Պետանվտանգության կոմիտեի նախկին սպա, Աբխազիայի նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան է: Ավանդաբար նրա օգտին է քվեարկում Աբխազիայի ազգայնական ընտրազանգվածը:

«Առաջիկա ընտրությունները Աբխազիայի քաղաքական վերնախավի եւ ողջ հանրության հասունության իրական քննություն կլինեն», - գրում է Վաշինգտոնի Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսաստանյան եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքով, առաջիկա ամիսներին միջազգային ակտիվությունը Աբխազիայի շուրջ կաշխուժանա, կակտիվանան ոչ միայն ռուսական, այլեւ թուրքական, վրացական, արեւմտյան դիվանագիտության ներկայացուցիչները:

«Արտահերթ ընտրությունները ցույց կտան որքանով է հարգում Աբխազիայի անկախության ճանաչման սեփական որոշումը պաշտոնական Մոսկվան: Կասկած չկա, որ Աբխազիան ի վիճակի է ինքնուրույնաբար ընտրել իր առաջնորդին», - նշում է Զլոբինը:
Այսօր Աբխազիայում ստեղծված իրավիճակը եւ առաջիկա արտահերթ ընտրությունների անցկացումը պաշտոնապես մեկնաբանել է նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Որեւէ մեկն իրավունք չունի Վրաստանի տարածքում անջատական ընտրություններ կազմակերպել: Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ ընտրությունները որեւէ հիմք չունեն եւ անօրինական են», - հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG