Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը արտահերթ ընտրությունների նախադրյալներ չի տեսնում:

«Գնում է բաց դիալոգ: Մենք մեր կարծիքը ասել ենք. մեր երկրում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական պատճառ, հիմք չկա արտահերթ ընտրությունների անցկացման համար», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսի արտահերթ ընտրությունների շուրջ:

Հանրապետական կուսակցության խոսնակը ընդգծեց, որ արտահերթ ընտրություններ լինում են այն ժամանակ, երբ երկրում լինում է քաղաքական ճգնաժամ, իսկ Հայաստանում այդպիսի ճգնաժամ ինքը չի տեսնում, ավելին` անցկացվում են «հետեւողական ժողովրդավարական բարեփոխումներ» եւ երկիրը գնում է դեպի ժողովրդավարական զարգացում:

«Մեր երկրում նախագահ Սարգսյանի վարչակարգի ժամանակ իրականացվում են լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, որը ողջունում են թե՛ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, թե՛ եվրոպական մեր գործընկերները, թե՛ հասարակությունը, թե՛ հենց ՀԱԿ-ի առաջնորդը», - կարծիք հայտնեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե այդ դեպքում ինչի՞ շուրջ է իշխող Հանրապետական կուսակցությունը երկխոսելու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե բոլոր ուժերի հետ կերկխոսեն երկրի ներքաղաքական, տնտեսական եւ արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ։

«Հանրապետականը ներում է»


Հանրապետականի խոսնակն անդրադարձավ նաեւ նախագահի առաջարկով հայտարարված համաներմանը, որի արդյունքում ազատ արձակվեցին նաեւ ետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտված ընդդիմադիր գործիչները։ Նրա փոխանցմամբ, նախագահի այս քայլը ցույց է տալիս, որ երկրի ղեկին կանգնած է հումանիստական արժեքներ կրող անձնավորություն, որի համար ամենակարեւորը երկրի կայուն, անցնցում զարգացումն է։

Հայաստան -- Սասուն Միքայելյանը ազատ արձակվելուց անմիջապես հետո, 27-ը մայիսի, 2011թ.
Շարմազանովն արձագանքեց նաեւ անցած շաբաթ համաներմամբ ազատ արձակված Հանրապետական կուսակցության նախկին անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությանը։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց անմիջապես հետո Միքայելյանն ասել էր, որ եթե Սերժ Սարգսյանը անցած 3 տարիների ընթացքում ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը կարգավորած լիներ, ինքը ներողություն կխնդրեր իր ընկերոջից, բայց այսօրվա իրավիճակը հաշվի առնելով՝ հարց է, թե ո՞վ պետք է ներողությունը խնդրի, Սասուն Միքայելյա՞նը, թե՞ Հանրապետական կուսակցությունը՝ իր ղեկավարության հետ։

«Հանրապետականը ոչ թե ներողություն է խնդրում, այլ ներում է եւ համաներում է», - այս առնչությամբ ասաց Հանրապետականի խոսնակը։ - «Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, ապա Էդուարդ Շարմազանովը չէր Հանրապետական կուսակցության համագումարում ջատագովում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը եւ պաշտպանում նրա թեկնածությունը»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG