Մատչելիության հղումներ

Փաշինյանը վստահ է, որ կլինեն արտահերթ ընտրություններ


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
Երեք օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր Նիկոլ Փաշինյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն: Նա երկուշաբթի արդեն մասնակցել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում անցկացված քաղաքական խորհրդի նիստին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փաշինյանը, իր եւ Սասուն Միքայելյանի ազատ արձակումը իրեն վստահություն է ներշնչում, որ կլինեն նաեւ արտահերթ ընտրություններ:

«Իսկ ինչո՞ւ իշխանությունը արեց այն, ինչին ոչ մեկը չէր հավատում` նկատի ունեմ մեր ազատությունը: Իշխանությունը ունի մի առանձնահատկություն, երբ իշխանության մարդիկ կտրվում են իրականությունից, բայց այնուամենայնիվ գալիս են պահեր, երբ արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությամբ իրականության զգացողությունը վերականգնվում է ցանկացած իշխանավորի մոտ, անկախ նրանից, թե որքան բարձր պարիսպներով է տարանջատված իրականությունից, կյանքից: Իշխանությունը ձախողվել է բոլոր ոլորտներում: Իշխանությունը այս տարիների ընթացքում ապացուցելու հնարավորություն է ունեցել, որ ինքը գործունակ է երկիրը ճգնաժամից հանելու իմաստով, բայց ցավոք սրտի, դա չի կարողացել ապացուցել», - ասում է ընդդիմադիր գործիչը:

Հարցին, թե որո՞նք կլինեն ընդդիմության հետագա քայլերը, եթե Հայաստանում, այնուամենայնիվ, հնարավոր չլինի անցկացնել արտահերթ ընտրություններ, Փաշինյանը պատասխանեց. - «Եթե մենք ունենք նպատակ, եւ, ենթադրենք, չի հաջողվում ինչ-որ պատճառով այդ նպատակին հասնել, օրինակ, մայիսին, դա չի նշանակում, որ այդ նպատակը վերացել է: Մեր քաղաքական գործունեության իմաստը այն է, որ մենք մեր նպատակին հասնելու ենք, նպատակին ձգտելու ենք անկախ ժամանակային սահմանափակումից: Ոմանք հաղթանակը տեսնում են ժամկետների մեջ, ես հաղթանակը տեսնում եմ հաղթանակի մեջ»:

Նիկոլ Փաշինյանը իր եւ Սասուն Միքայելյանի ազատ արձակումը կապում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված «շատ կոնկրետ քաղաքական իրավիճակի» հետ, երբ իշխանությանը 3 տարվա ընթացքում «չհաջողվեց ընկճել համաժողովրդական շարժումը»:

«Ակնահայտ էր, որ պրոցեսը հասել է մի իրավիճակի, որ կարելի է անվանել «դեմ առ դեմ», եւ Սերժ Սարգսյանը, պրագմատիկ քաղաքական գործիչ լինելով, ուղղակի հասկացավ, որ ազատ չարձակման հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն», - կարծում է Փաշինյանը:

Հարցին, թե ՀԱԿ-ի հանգիստ, հետեւողական, «շախմատային պարտիա» բնորոշվող դանդաղ ընթացքին ինչպե՞ս է վերաբերում, Փաշինյանը պատասխանեց. - «Ինձ համար հեղափոխությունը գիլյոտին չէ: Ինձ համար հեղափոխությունը գիտակցության փոփոխություն է, այնպիսի գիտակցության փոփոխություն, այնպիսի Հայաստանի ձեւավորում, որը համապատասխանում է այն ուրվագծին, այն կառույցին, որ նախատեսված է սահմանադրությամբ: Ես որեւէ հակասություն չեմ տեսնում իմ եւ ՀԱԿ-ում առկա պատկերացումների միջեւ, ավելին` ես ինձ ու ՀԱԿ-ին որեւէ կերպ տարանջատելու փորձերին համաձայն չեմ, ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ եւ քաղաքական թիմում իմ չափով կարող եմ ազդել որոշումների կայացման վրա եւ իմ չափով այդ որոշումների իրականացմանը մասնակից եմ»:

Փաշինյանը համաձայն չէ այն տեսակետներին, թե իշխանությունների նկատմամբ ՀԱԿ-ի դիրքորոշման մեղմացում է նկատվում, որ իշխանությունների հասցեին հնչող ածականներ են պակասել եւ շեշտադրումներ են փափկել:

«Իշխանությո'ւնն է մեղմացրել իր դիրքորոշումը: Ինչո՞վ է ՀԱԿ-ը մեղմացրել իր դիրքորոշումը: Ես ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ եմ, ես «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից դուրս եմ եկել ուրբաթ երեկոյան, այս ընթացքում բոլոր բնորոշումները օգտագործվել են` ե'ւ «ավազակապետություն», ե'ւ Սերժիկ, հեռացիր»: Ես նման փոփոխություն չեմ տեսնում», - ասաց ընդդիմադիր գործիչը:

Նիկոլ Փաշինյանը հնարավոր չի համարում Հայաստանում արաբական հեղափոխության սցենարի իրականացումը. - «Հայաստանում հնարավոր է հայկական հեղափոխություն, եւ դա այն է, ինչ անում է ՀԱԿ-ը»:

please wait

No media source currently available

0:00 0:06:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG