Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ. «Բոլորը կլինեն հսկողության տակ»


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյան

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյան

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշակի «սրում» է ակնկալում համաներմամբ կալանավայրերից հանցագործների ազատ արձակման առնչությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով խորհրդարանը անցած շաբաթ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշում կայացրեց:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք համաներումը չի հանգեցնի հանցագործությունների քանակի աճի, Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հետեւյալ պատասխանը տվեց. - «Կարծում եմ որոշակի սրում տեղի կունենա: Ամեն անգամ համաներումից հետո այս պրոցեսը ընթացել է, բայց մենք հանել ենք ամբողջ կազմը, ցանկը, բոլորը կլինեն հսկողության տակ»:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ խնդիրը կլուծվի 1-2 ամսվա ընթացքում, եւ այն դատապարտվածները, ովքեր ազատ արձակվելուց հետո համապատասխան հետեւություն չեն անի, «անպայման հետ կվերադառնան իրենց նախկին տեղերը»:

Ալիկ Սարգսյանը, սակայն, ընդգծեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում որեւէ կերպ նախնական ինչ-որ քայլեր կատարել ազատ արձակվածների նկատմամբ, կամ նրանց ճնշումների ենթարկել:

«Մենք նրանց ընդունում ենք մեր սովորական քաղաքացիների պես, թող ապրեն խաղաղությամբ», - ասաց ոստիկանապետը:

Համաներման որոշումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Համաներման որոշմամբ օրերս կալանավայրերից ազատ կարձակվի մոտ 400 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG