Մատչելիության հղումներ

Մայիսի 28-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայ հասարակությունը վերջապես թեթեւացած շունչ քաշեց. «լավագույն տղերքն» արդեն բանտերում չեն: Նրանք ազատության մեջ են` ժողովրդի կողքին: Մի կողմից ավարտվեց այն մղձավանջը, երբ անմեղ մարդիկ բանտում են, իսկ դու` ազատության մեջ եւ չգիտես ինչով օգնել, ինչպես օգնել, ինչ անել, որ այդ իրավիճակը փոխվի: Մյուս կողմից` ով ուզում է լինի, անկախ այդ մարդկանց հետ ունեցած հարաբերությունների ու վերաբերմունքի մակարդակից, եթե անմեղ մարդը բանտում է, ազատության մեջ գտնվողներն իրենց պետք է մեղավոր զգան ու դիսկոմֆորտի զգացում ունենան: Այնպես որ, համընդհանուր թեթեւության զգացումը երեկվանից համակել է բոլորիս: Թեթեւության զգացում ունեն, անշուշտ, նաեւ նրանք, ում մեղքով ու մասնակցությամբ Հայաստանում ստեղծվել էր այս իրավիճակը: Մեղքի այն զգացումը, որից ազատագրվեցին նրանք, իհարկե, անհամեմատ է մեր զգացածի կողքին»:

«Հայոց աշխարհ»-ի հետ հարցազրույցում հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ասում է. - «Այն, ինչ կատարվեց, պայմանավորված չէր քաղաքական գործընթացներով: Անկախության 20-ամյակը բավականաչափ լուրջ հանգրվան է մեր նորօրյա պատմության մեջ։ Ի վերջո, մենք ամեն տարի քսանամյակ չենք նշում. համաներումը տոնին համարժեք պիտի լիներ, եւ այդպես էլ եղավ: Անթույլատրելի է, երբ որոշ շրջանակներ` տարբեր ճամբարներից, փորձում են օգտագործել դա քաղաքական նպատակներով: Յուրաքանչյուր համաներում միակողմանի ներման ակտ է իշխանությունների, տվյալ դեպքում իշխանության երկու ճյուղերի` նախագահի եւ Ազգային ժողովի կողմից, որ նախ եւ առաջ պետության կայացածության մասին է վկայում: Այն, որ միջազգային կառույցները դրական են գնահատել համաներման որոշումը, ողջունել են, որ որոշակի հոդվածներով ազատ են արձակվելու նաեւ «մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ազատազրկված անձինք, եւս մեկ անգամ արժեւորում է իշխանությունների իրականացրած այս քայլը»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը հարցնում է. - «Բայց ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց զիջումների գնալ հատկապես հիմա: Սա թերեւս ամենակարեւոր հարցն է` այն իմաստով, որ այդ հարցի պատասխանը հնարավորություն է տալիս ճշգրիտ պատկերացում կազմել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ աշխատել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական ղեկավարության ներքո եւ հաստատ որոշ բաներ սովորել է: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ փաստարկներով էր Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմնավորում իր կյանքի թերեւս կարեւորագույն որոշումը, երբ 1997-ին ընդունում էր ղարաբաղյան կարգավորման առաջարկները: Հիմնական փաստարկները երկուսն էին: Առաջին` միջազգային հանրությունը հակված չէ ընդունել մեր դիրքորոշումները, եւ երկրորդ` հակառակորդի հետ պետք է հաշտվել այն պահին, երբ հզոր ես, որովհետեւ եթե ժամանակը քո օգտին չի աշխատում, հետագայում ստիպված ես լինելու ընդունել շատ ավելի ծանր պայմաններ: Սերժ Սարգսյանն, ահա, ընկալել է այդ դասերը եւ հիմա առաջնորդվում է նույն տրամաբանությամբ»:

«Ժամանակ»-ի զրուցակից` Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ասում է. - «ՀԱԿ-ը կարող է նոր պահանջներ առաջ քաշել, հարցադրումներ անել, սակայն իշխանության հետ երկխոսություն կարող է լինել բացառապես արտահերթ համապետական ընտրությունների անցկացման շուրջ, ինչի մասին ընդդիմությունը բազմիցս հայտարարել է եւ պետք է հետեւողական ու սկզբունքային լինի այս հարցում: Նոր, արդար ընտրությունների անցկացումը ինքնանպատակ չէ: Ակնհայտ է, որ երկրում ստեղծված իրավիճակը հետեւանք է շարունակաբար կեղծվող ընտրությունների, մենք այսօր խոսում ենք մարտի 1-ի հետեւանքների հաղթահարման մասին, սակայն չմոռանանք պատճառների մասին, ու քանի դեռ երկրում չեն անցկացվում արդար ընտրություններ` ավելորդ է խոսել հասարակական-քաղաքական կյանքի առողջացման եւ առհասարակ երկրի հետագա զարգացման մասին: Երկրում պետք է նորմալ ընտրություններ անցկացնել, ոչ թե ընտրությունները կեղծել, հետո խոսել երկխոսության անհրաժեշտության մասին»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Նախորդ օրը Առեւտրաարդյունաբերական պալատում ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանն ասել էր, թե լուրջ գործարարը չի կարող սահմանափակվել ներմուծմանն ուղղված զուտ առեւտրային գործունեությամբ: Սերժ Սարգսյանի այս կոչը պետք է ընդունել որպես գործող վարչակազմի նոր, պատկերավոր ասած` «տնտեսական քաղաքականություն»: Այսինքն, դու շաքարավազ էիր ներմուծում, գերշահույթներ էիր ունենում, հիմա այդ գերշահույթների մի մասը ծախսիր, արտադրություն կազմակերպիր: Սակայն, մեծ հաշվով, բոլորովին նշանակություն չունի` մեկ օլիգարխը շաքարավազը ներմուծո՞ւմ է, թե՞ տեղում է արտադրում: Տնտեսական զարգացման տեսանկյունից էականն այն է, թե քանի գործարար է շաքարավազ ներկրելու կամ արտադրելու համար մրցում: Եթե կա մրցակցություն շաքարավազի ներմուծման կամ արտադրության ոլորտում, եթե մի քանի գործարարներ ազնիվ մրցակցության մեջ են ու, կոպիտ ասած, իրար կոկորդ են կրծում, ապա դա արդեն գրավական է տնտեսության զարգացման համար»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG