Մատչելիության հղումներ

logo-print
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ուրբաթ օրը ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքի քննությունը, որը վերաբերում էր Ազգային ժողովի երեք գործարար պատգամավորների կրած վնասի հատուցման դատավճռին:

Փետրվարին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը` պարտավորեցնելով թերթին հերքում տպագրել, ինչպես նաեւ պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել վճիռը: Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել հետաձգել դատը, որպեսզի թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, համաներումից հետո ազատության մեջ հայտնվելով, հնարավորություն ունենա մասնակցել դատավարությանը: Դատարանը մերժեց այս միջնորդությունը: Վահե Գրիգորյանը, կասկածի տակ դնելով դատավորների անաչառությունը, նրանց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը կրկին մերժվեց:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա տարակուսանք հայտնեց դատարանի դիրքորոշման հետ կապված:

«Եթե դա առաջին ատյանի դատարանում հնարավոր չէր անելը, ի՞նչն էր խնդիրը, որ Վերաքննիչ դատարանը ընդամենը մի քանի օրով չէր ցանկանում հետաձգել դատական նիստը: Տեղեկությունները վստահաբար ունեցել են սկզբնաղբյուր, իսկ դրանց հրապարակման-չհրապարակման հանգամանքները, ինչպես նաեւ մի շարք այլ հանգամանքներ, առ այսօր հնարավոր չէ պարզել պարոն Փաշինյանից, որովհետեւ նրա ոչ մի իրավական խորհրդականի հետ առանձնատեսակցություն մինչ օրս չի թույլատրվել», - ասաց Գրիգորյանը:

«Հայկական ժամանակ» թերթի «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում ասվում էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ երեք պատգամավորների անունները: Թերթը նշել էր, թե հարուցված քրեական գործերը առնչություն ունեն նարկոբիզնեսի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման հետ:

Պատգամավորների փաստաբան Անահիտ Սարդարյանը հայտարարեց, որ հաշտության եզրեր չի տեսնում: Դատարանը իր որոշումը կհրապարակի հունիսի 9-ին:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում «Հայկական ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է: Անցած տարի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջով դատարան էր դիմել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` իրեն հասցված վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը հայցադիմումը մասամբ էր բավարարել. «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3.5 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG