Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը ընդունվել է երեկ ֆրանսիական Դովիլում, իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը հայկական կողմի համար «ընդունելի ու նպաստավոր» որակեց:

Ազգային ժողովում ուրբաթ օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Գալուստ Սահականը նշեց, որ Հայաստանը վաղուց է պատրաստ խաղաղ ճանապարհով, առանց պատերազմի խնդիրները լուծելուն, եւ հայտարարությունը ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմի համար է արված:

«Հայտարարությունը բավականին նպաստավոր է մեզ համար: Առավել եւս` ամբողջ աշխարհը գիտի, որ մեր տեսակետ այն է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - ասաց Սահակյանը:

«Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման եւ անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասված է հայտարարությունում:

Այս ձեւակերպումը ընդունելի է նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր»-ի համար:

«Մեկ անգամ եւս զգուշացրեցին, որ ով սկսի պատերազական գործողություններ, բնականաբար, նա է առաջինը տուժելու, որի մասին մենք շատ ենք խոսել», - ասաց «Օրինաց երկիր»-ի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Խորհրդարանական ընդդիմադիր Դաշնակցությանը, մինչդեռ, հայտարարությունը մտահոգում է: Խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան է դրված, ինչը «անընդունելի տարբերակ է, հատկապես Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի ներքո եւ անընդհատ խախտվող զինադադարի պայմաններում»:

Դաշնակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հավելեց, թե այսօր հայտնի Հիմնարար սկզբունքները եւս Հայաստանի համար չեն կարող ամբողջությամբ ընդունելի լինել` հարցեր կան, որոնք հստակեցում են պահանջում:

«Մենք հիմնականում խնդիր ունենք ազատագրված տարածքների հետ, որ բազմիցս դրա հիմնավորումները տրվել են` մենք չենք կարող նման զիջումների գնալ: Ինչպես նաեւ մյուս հարցերում, մասնավորապես` փախստականների վերադարձ եւ այլն… Այս խնդիրները կան եւ հայկական կողմը չպիտի շտապի, որ ամեն անգամ բերանը բացում են, երկու բառ ասում են համանախագահողները կան երկրների ղեկավարները, անմիջապես հայտարարել իրենց համաձայնությունների մասին: Մեր կողմից պիտի այս խնդիրները դրվեն»:

Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահները` Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել «քաղաքական կամք դրսեւորել եւ առաջիկա ամսվա ընթացքում ավարտին հասցնել կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը:

«Հետագա ձգձգումը միմիայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը` հասնելու համաձայնության», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG