Մատչելիության հղումներ

logo-print

Մուսինյան. «Իշխանություններին առաջադրվելու են նորանոր պահանջներ»


ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյան

ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հավաստմամբ` ՀԱԿ-ի առաջադրած երեք պահանջների կատարմամբ կամ կատարման խոստմամբ Հայաստանում քաղաքական պրոցեսը կանգ չի առնելու, եւ իշխանություններին են առաջադրվելու նորանոր պահանջներ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` այսօր կայացած մամլո ասուլիսին Մուսինյանը հետեւյալ ճշտումը կատարեց` ֆորմալ առումով իշխանության հետ երկխոսություն որպես այդպիսին գոյություն չունի:

«Այս հարցի հետ կապված բավական շահարկումներ եղել են, թեեւ դրանց բազմիցս տրվել են սպառիչ պատասխաններ: Երկխոսություն չի եղել, այլ եղել է հրապարակային պահանջների առաջադրում եւ վարչախմբի կողմից այդ պահանջների կատարման հարցում ընկալունակության դրսեւորում: Այդ երկխոսությունը եղել հրապարակային», - ասաց Մուսինյանը:

Նրա պարզաբանեց, թե երկխոսություն ասելով, ինչ է նկատի ունեցել ՀԱԿ-ը:

«Նկատի ենք ունեցել պահանջների կատարումից հետո երկու կողմերի ներկայացուցիչների կողմից հանդիպումների շարք, որում ՀԱԿ-ը մասնակցելու է մեկ օրակարգով` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում», - ասաց ՀԱԿ-ի խոսնակը` հավելելով, թե արտահերթ ընտրությունները օր առաջ անցկացնելու համար ՀԱԿ-ը գործադրելու է առավելագույն քաղաքական ջանք:

Մուսինյանի խոսքով` լիակատար կերպով կատարվել են ընդդիմության երկու պահանջները:

«Երրորդ պահանջի կատարման վերաբերյալ տրվել է հրապարակային խոսում, այժմ այդ գործընթացը ընթացքի մեջ է, եւ կախված նրանից, թե ինչ ավարտ կունենա, մայիսի 31-ին մենք համապատասխան գնահատականներով հանդես կգանք: Մեծ է վստահությունը, որ այնուամենայնիվ, վարչախմբի կողմից կկատարվի նաեւ երրորդ պահանջը: Պահանջի չկատարումը կլինի անտրամաբանական քաղաքական գործընթացների տեսանկյունից, ավելին` այն կլինի վնասակար մեր պետության համար», - ասաց Մուսինյանը:

Նրա խոսքով` Հայաստանում այնքան խնդիրներ են կուտակվել, որ վիճակը կարելի է բնութագրել իբրեւ հարատեւ ճգնաժամ, իսկ իշխանություններն էլ իրենց առաջադրված պահանջներն էլ կատարում ոչ այն պատճառով, որ բարիացել են: Ըստ Մուսինյանի` դա նրանց ստիպում է անել ուժերի հարաբերակցության գնահատումը:

Հարցին, թե մայիսի 31-ից հետո կարելի՞ է սպասել ինչ-որ ակտիվ գործընթացների, թե ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է գնալ ամառային արձակուրդի, Մուսինյանը պատասխանեց. - «ՀԱԿ-ը քաղաքականությամբ զբաղվում է 7 օր, 24 ժամ ռեժիմով: Մեզ մոտ երբեք չի եղել ամառ, ձմեռ, աշուն, գարուն տարբերակումները: Ես վստահ եմ, որ քաղաքական պրոցեսներն այնքան դինամիկ են, որ շատ ակտիվ է լինելու նաեւ ամառային շրջանը»:

Իսկ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի` մայիսի 31-ի հանրահավաքին հնարավոր մասնակցության մասին Մուսինյանը ասաց, թե հանրահավաքում նրանց ելույթներ ունենալու բուն փաստն իսկ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառ է լինելու:

«Ե'վ Նիկոլ Փաշինյանը, ե'ւ Սասուն Միքայելյանը համաժողովրդական շարժման, ՀԱԿ-ի առանցքային ներկայացուցիչներ են, եւ նրանց ներկայությունը էապես նոր թափ է հաղորդելու ՀԱԿ-ին», - կարծում է ՀԱԿ-ի մամլո խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG