Մատչելիության հղումներ

ՀԲ-ի 39 միլիոն դոլար վարկով Հայաստանում կամրապնդվի էլեկտրամատակարարման հուսալիությունը


Հայաստան - Հրազդանի ՋԷԿ-ը

Հայաստան - Հրազդանի ՋԷԿ-ը

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հինգշաբթի օրը հաստատել է 39 միլիոն դոլար գումարով վարկ` Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի համար:

ՀԲ-ի երեւանյան գրասենյակի փոխանցմամբ, ծրագիրը նախատեսված է երկրում էներգամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար` էլեկտրահաղորդման գծի շուրջ 230 կիլոմետր հատվածի փոխարինման միջոցով բարելավելով էլեկտրահաղորդման ցանցի հիմնական ենթակառուցվածքի հզորությունները:

Հայաստանում էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը հին է եւ վատ է պահպանվում, ասված է ՀԲ-ի հաղորդագրությունում: Էլեկտրահաղորդման ակտիվների միջին տարիքը գրեթե 45 տարի է: Վերջին տասնամյակներում հաղորդման գծերի վերականգնման ուղղությամբ որեւէ լուրջ ներդրում չի կատարվել: Ըստ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության գնահատականի` 220 կիլովատտ հաղորդման գծերի (լարեր, սյուներ, բետոնե հիմքեր, մեկուսիչներ եւ ենթակառուցվածքի այլ հիմնական մասեր) շուրջ 520 կիլոմետրը կամ 33 տոկոսը հրատապ վերականգնման կամ փոխարինման կարիք ունեն:

«Հաղորդման գծի ընտրված հատվածի վերականգնումը կբարելավի համակարգի արդյունավետությունն ու հուսալիությունը եւ ուղղակի օգուտներ կբերի Հայաստանում բոլոր էներգասպառողների համար», - ասել է, մասնավորապես, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:

Հաղորդման գծի` ծրագրում ընդգրկված հատվածը կառուցվել է 1956-1958 թվականներին: Այն միացնում է երկու հիմնական արտադրող կայաններ եւ սպասարկում երկրի կենտրոնական-արեւելյան մասի մեծաթիվ էներգասպառողների:

«Ներդրումների միջոցով կփոխարինվի Հրազդանի ջերմաէլեկտրակայանից Որոտան Կասկադի հիդրոէլեկտրակայաններ հասնող հաղորդման գծի շուրջ 230 կիլոմետր հատվածը, որը կազմում է հրատապ վերականգնման կարիք ունեցող 220 կիլովատտ հաղորդման գծերի գրեթե 45 տոկոսը»,- ասել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: - «Հաղորդման գծի այս հատվածի հզորությունը 250 մեգավատտից կավելանա մինչեւ 310 մեգավատտ, ընդ որում` ներկա անջատումները կտրուկ կնվազեն»:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 52 միլիոն դոլար է, որից 13 միլիոն դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկի մարման ժամկետը 25 տարի է` ներառյալ 10 տարի արտոնյալ ժամկետ:

1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) անդամակցելուց հետո Հայաստանի` ՄԶԸ-ից եւ ՎԶՄԲ-ից ստացված ընդհանուր միջոցները կազմում են 1 միլիարդ 488 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG