Մատչելիության հղումներ

Չորս բեռնափոխադրողները տուգանվեցին հակամրցակցային համաձայնության համար


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր որոշել է օրենքի խախտման, մասնավորապես` հակամրցակցային համաձայնության համար բեռնափոխադրող չորս ընկերությունների հանդեպ կիրառել տուգանք:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` «Չորս ընկեր» ընկերության տուգանքը կկազմի մոտ 55 միլիոն դրամ (ավելի քան 146 հազար դոլար), «ՍՕՀՕ» ընկերությանը՝ մոտ 30 միլիոն դրամ, «Պրոֆ իմպրոտեքսը» կտուգանվի մոտ 10 միլիոն դրամի չափով, իսկ «Նանիս» ընկերության տուգանքի չափը կկազմի մոտ 5 միլիոն դրամ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ վերոնշյալ ընկերություններից բացի, այս ոլորտում գործող այլ տնտեսվարողներ չկան: Հանձնաժողովի ուսումնասիրություններով, նշված ընկերություններից ներկրման եւ իրացման ծավալներով խոշորը «Չորս ընկեր»-ն է:

Տնտեսվարողները պետք է տասնօրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնեն տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն: Բացի այդ, նրանք պարտավորվում են նաեւ հետագայում բացառել օրենքի խախտումները:

Ներկայացնելով վարչական վարույթի հիմքերը` հանձնաժողովը իր հաղորդագրությունում նշում է, որ համաձայն մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաեւ առեւտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ չորս տնտեսվարողները կրկնապատկել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը, ինչի պատճառով էլ առեւտրականները ցույցեր էին կազմակերպել:

Պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես հավաստիացրել է, որ Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց գանձվող մաքսավճարների չափի փոփոխություն չի եղել:

Բեռնափոխադրողները միջնորդավճարի բարձրացման մի շարք պատճառներ են թվարկել, սակայն չեն ներկայացրել դրանք հաստատող որեւէ փաստաթուղթ:

Ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը ապացուցված է համարել, որ փոխադարձ ներքին համաձայնությամբ չորս տնտեսվարողները միեւնույն պատճառաբանությամբ անհիմն կերպով բարձրացրել են իրենց ծառայության արժեքը եւ կամայական գին են սահմանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG