Մատչելիության հղումներ

The Jerusalem Post. «Լավ է ուշ, քան` երբեք»


Թուրքիայի եւ Իսրայելի դրոշները
Թուրքիայի եւ Իսրայելի դրոշները

The Jerusalem Post-ը «Հայերը, հրեաները եւ Իսրայելը» վերնագրի ներքո հոդված է հրապարակել:

Հոդվածի հեղինակը Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի նախկին աշխատակից է: Նա գրում է, որ թուրքերը պատասխանատու են 1915-16 թվականներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան մեկեւկես միլիոն հայերի կոտորածի համար: Եվ չնայած մինչեւ վերջերս Իսրայելը անտեսում էր Օսմանյան կայրությունում իրականացված ցեղասպանության փաստը, հրեական կազմակերպությունները եւ Մեծ Բրիտանիան տեղեկություն ունեցել են կատարվողի մասին:

«Առաջիններից մեկը, ով զգուշացրել է ոճրագործության բնույթի եւ մասշտաբների մասին, եղել է Աարոն Աարոնսոնը` հայտնի գյուղատնտես, ով ստեղծել է «Նիլի» լրտեսական ցանցը, որը պատերազմի ընթացքում տեղեկություններ էր հավաքում օսմանյան զորքերի տեղաշարժի վերաբերյալ եւ փոխանցում բրիտանական իշխանություններին», - ասված է The Jerusalem Post-ի հոդվածում:

Աարոնսոնի որոշ բարեկամներ եւ գործընկերներ ականատես են եղել արյունահեղությանը: 1916 թվականի նոյեմբերին Աարոնսոնը բրիտանական իշխանություններին գրություն է ուղարկում` նկարագրելով տեղի ունեցող վայրագությունները:

Դրանից մեկ ամիս առաջ նա նամակ էր ուղարկել դատավոր Ջուլիան Մակին` Ամերիկայի հրեական համայնքի ազդեցիկ ղեկավարներից մեկին, փորձելով համոզել նրան բրիտանամետ դիրքորոշում ընդունել: Նամակում Աարոնսոնը նկարագրել է նաեւ հայերի կոտորածն ու մտավախություն հայտնել, որ հրեաները եւս կարող են նույն վիճակում հայտնվել, եւ որ Օսմանյան կայսրության այդ քաղաքականությունը մշակվել է Գերմանիայում:

«Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր պատերազմում, եւ երբ Աարոնսոնը գրում էր այս նամակը, շատ հրեաներ գերմանամետ կամ չեզոք դիրքորոշում ունեին», - մեկնաբանում է The Herusalem Post-ի հոդվածագիրը` հավելելով, որ Իսրայելը չի կարող հայտարարել, որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում հայերի հետ Օսմանյան կայսրությունում:

Ու չնայած այս վկայություններին` մինչեւ վերջերս Իսրայելը նախընտրում էր աչք փակել այդ իրադարձությունների վրա, բազմաթիվ արդարացումներ եւ պատճառներ բերելով, ինչը ամոթալի է հատկապես Իսրայելի համար, ընդգծում է հոդվածագիրը:

Ինչպես նշում է թերթը, առաջին արդարացումն այն է, որ Թուրքիան հերքում է, թե հայերի կանոնավոր եւ ծրագրված կոտորած է իրականացրել եւ նվազեցնում է նաեւ ցեղասպանության զոհերի թիվը, եւ քանի որ Թուրքիան այն եզակի մահմեդական երկրներից է, որ Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է հանդիսանում, Իսրայելը լավ կանի «չարթնացնի քնած շանը»:

Հայերի ցեղասպանությունը չընդունելու երկրորդ արդարացումը կապված է այն հանգամանքի հետ, որ Իսրայելում մտավախություն կա, թե հայերի հետ կատարվածը ցեղասպանություն որակելը կարող է նվազեցնել Հոլոքոսթի հրեշավորությունը: Իսրայելցիների այս վերաբերմունքը տարածվում է նաեւ ցեղասպանության այլ դեպքերի վրա, ինչը, հոդվածագրի կարծիքով, ոչ միայն անհիմն է, այլեւ ամոթալի, թեեւ «հրեաների Հոլոքոսթը, անկասկած, եզակի է իր բնույթով»:

Հոդվածի հեղինակը ամոթալի է համարում այն, որ Իսրայելը վերջապես որոշել է հրապարակայնորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին միայն այժմ, երբ աննախադեպ վատացել են Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները:

Տարիներ շարունակ Իսրայելի խորհրդարանում փորձեր են արվել այս հարցի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել, սակայն միայն այս տարվա մայիսի 18-ին է վերջապես որոշում կայացվել բաց քննարկում անցկացնել այս հարցով` Քնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, որում քննարկումը հրապարակային է եւ ամբողջությամբ տեղադրվում է Իսրայելի խորհրդարանի կայքում:

«Ոչ ոք դեմ չէ, որ այս հարցը քննարկվի հանձնաժողովում, եւ բոլոր ելույթ ունեցողները` աջից ձախ, կրոնականից մինչեւ աշխարհիկ, կողմ են արտահայտվում: Այժմ միայն մեկ բան կարելի է ասել` լավ է ուշ, քան` երբեք, սակայն ամոթալի է, որ սա այսքան երկար է ձգվել», - եզրափակում է The Jerusalem Post-ի հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG