Մատչելիության հղումներ

Մայիսի 27-ի մամուլ


«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Քաղաքական զարգացումներում հստակեցում կմտցնի այն, թե մայիսի 31-ի հերթական հանրահավաքում ինչ մարտավարություն կընտրի Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի գործողությունների մի քանի սցենարների վարկածներ են առաջ քաշվում, մյուս կողմից հետաքրքիր է` ի՞նչ սցենար կա իշխանության դաշտում, որովհետեւ այդ մասին ընդհանրապես չի հրապարակվում: Մի բանում վստահ եմ` Հայաստանում այլեւս չի լինելու մահացու ելքերով բռնություն, որովհետեւ նախորդ բռնությունը` «Մարտի 1»-ը, մեր պետությունը չի կարողանում «մարսել»: Այդուամենայնիվ ենթադրում եմ, որ տարբերակներից մեկը բռնություն, ծեծ, կռիվ, ջարդ է լինելու կամ էլ իշխանությունը շարունակելու է կատարել բոլոր առաջ բերված պահանջները: Երկրորդ տարբերակի դեպքում հեղափոխական գործողությունները ակնհայտորեն կմարեն… Եթե բոլոր ուժերը պայքարում են իշխանության համար, այդ ժամանակ քչերին է տեղ բաժին հասնում, բայց եթե բոլոր ուժերը դադարեն պայքարել իշխանության համար եւ սկսեն մտածել հասարակության եւ պետության կառուցման համար, այդ ժամանակ բոլորն էլ իրենց գործը կունենան անելու»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Նա ասում է. - «Նախընտրական նախապատրաստությունները բոլորովին էլ չեն նշանակում, թե ներքաղաքական հարաբերությունները առողջացնելու գործընթացը համաներմամբ ավարտվելու է, եւ քաղաքակիրթ քաղաքական դաշտ, առողջ հարաբերություններ հաստատելու համար անելիք այլեւս չկա: Բարեփոխումների ընթացքը ընդհատելու հետեւանքը կարող է լինել լճացումը… Իշխանությունը կործանման ուղին է բռնում, երբ կարծում է, թե ամեն ինչ գիտի եւ ընդդիմախոսի կարիք չունի: Հենց այս մտածողության հաղթանակի վկայությունն է այսօրվա քաղաքական իրողությունը, երբ իշխանությունը արդյունավետ ու կառուցողական մտքերի փոխանակություն, բանավեճ է ունենում խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերի հետ»:

«Իրավունք»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցնում է. - «Վերջերս մի տեսակետ շրջանառության մեջ դրվեց այն մասին, որ հնարավոր է` 2012-ին Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում»: Պատասխան - «Այս պահին նման մոտեցումներ չեմ կարող արտահայտել, դա քաղաքական այնպիսի պահերի հետեւանք կարող է լինել, որն առաջիկայում սպասվում է: Իսկ որոշել, թե Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի դրսեւորում կունենա առաջիկա ընտրություններում, կարծում եմ` նախ եւ առաջ ինքը պետք է այդ որոշումը կայացնի, որպեսզի մենք էլ կարողանանք ճիշտ վերլուծություններ կատարել… Մեր քաղաքական ճանապարհը այնպիսին է եղել, որ մենք «իշմարներով», «մեսիջներով» չենք աշխատում: Մենք կարող ենք դեմ առ դեմ կանգնել, քննարկել, խոսել: Բայց եւ միեւնույն ժամանակ այս խոսակցությունները բնական եմ համարում, որովհետեւ հասարակությունը բոլոր հարցերի պատասխանը ուզում է ստանալ այսօր: Բայց ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, որովհետեւ ինչքան հասարակությունը ակտիվանա, այնքան գալիք ընտրությունները դրական գնահատումներ կստանան, որովհետեւ այլ բան է, երբ հասարակությունը պատրաստ է ընտրությունների, եւ այլ բան է, երբ հասարակությունը պիտի կողմնորոշվի այս կամ այն թիմի գործողություններով կամ քարոզչությամբ»:

Նույն հարցի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Ժամանակ»-ին ասում է. - «Ենթադրվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի հենարանը ԲՀԿ-ն էր, բայց ԲՀԿ կողմից այդ հուշագրի ստորագրումից հետո արտաքին աշխարհը համոզվեց, որ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը բավականին թույլ են, եւ նա միայնակ մարդ է, քաղաքական հենարան չունի: ՀՅԴ-ն չշտապեց իր պաշտպանության տակ առնել Քոչարյանին, պրոցեսը շարունակվեց` մինչեւ հանկարծ ՀՀԿ առաջնորդը կամ նախագահը, հակառակ իր կուսակիցների, հայտարարեց, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ցայտնոտի մեջ եւ ստիպված ինչ-որ բան պետք է աներ եւ հարցազրույց տվեց: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում նա կրկին հարցազրույց է տալու, եւ եթե այնտեղ ասում է, թե ում հետ է խորհրդակցել Մարտի 1-ը անելուց առաջ, այստեղ ասելու է, թե ում հետ է խորհրդակցել հոկտեմբերի 27 անելուց առաջ եւ 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերային «կոլցո» օպերացիան իրականացնելուց առաջ: Ռոբերտ Քոչարյանը տեղ չունի քաղաքական դաշտում: Նա հիմա որոնումների մեջ է, եւ նրա երազանքը հետեւյալն է` թող ինձ հանգիստ թողնեն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` երեկ Դովիլում ընդունած համատեղ հայտարարությունը, գրում է. - «Երեք նախագահների համատեղ հայտարարությունը մեզ համար կարծես թե շատ վատը չէ: Նախ` ակնհայտ է, որ «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու» կոչն առաջին հերթին Ադրբեջանին է ուղղված, որովհետեւ հենց նրանք են անընդհատ սպառնում պատերազմով: Տարօրինակ կլիներ, չէ՞, եթե ադրբեջանցիները նախապատրաստվեին պատերազմի, իսկ մենք` խաղաղության: Երկրորդ` կարգավորման հիմնական սկզբունքները հայկական կողմն ընդունել է: Այսինքն` ադրբեջանցիներն էլ են ընդունել, պարզապես խնդիրն այն է, թե ով ինչպես է մեկնաբանում դրանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG