Մատչելիության հղումներ

Հելսինկյան ասոցիացիան չի կարողանում մոնիթորինգ անցկացնել ազատազրկման վայրերում


Միքայել Դանիելյան

Միքայել Դանիելյան

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը հինգշաբթի հայտարարեց, որ Արդադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը թույլ չի տալիս իր ղեկավարած կազմակերպությանը դիտարկումներ անցկացնել ազատազրկման վայրերում:

«Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մոնիթորինգի» ծրագրի շրջանակում ասոցիացիան այս տարվա փետրվարին հրապարակեց զեկույց, իսկ ծրագրի երկրորդ փուլը հենց դիտարկումներն են քրեակատարողական հիմնարկներում: Դանիելյանի խոսքով՝ ինքը գրավոր թույլտվություն ստացել է դեռ Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանից, սակայն արդեն նոր նախարարի` Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրոք, երբ Հելսինկյան ասոցիացիան կրկին դիմել է նախարարությանը` հստակեցնելու դիտարկման մանրամասները, քրեակատարողական հիմնարկների վարչությունից մերժման պատասխան է սստացել:

Դանիելյանը կրկին դիմել է Արդարատության նախարարություն` հստակեցնելով, որ ասոցիացիան ունի թույլտվություն: Արդեն մեկ ամսից ավելի անցել է, սակայն, իրավապաշտպանը դեռ չի ստացել պատասխան եւ պատրաստվում է դատարանում վիճարկել տեղեկատվութթուն ստանալու իր իրավունքը:

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը փոխանցեց, որ Արդարադատության նախարարությունը դիտարկման թույլտվություն տվել է միայն ծրագրի առաջին փուլի համար, որն արդեն ավարտվել է:

«Այդ թույլտվության հետ կապված իրենք իրենց մոնիթորինգը իրականացրել են եւ հրապարակել են իրենց հավաքած արդյունքները, որի արդյունքում փաստեր խեղաթյուրվել են: Եթե ստացել են փաստ, որ որեւէ խնդիր կա քրեակատարողական հիմնարկում, որեւէ կերպ չեն փորձել պարզել քրեակատարողական ծառայության մեկնաբանությունը: Առանց այդ մեկնաբանությունների, առանց լսելու պաշտոնական կողմի կարծիքը, բացատրությունը՝ անմիջապես հրապարակել են, ըստ էության, հանրությանը տրամադրելով կեղծ, սուտ տեղություններ», - ասաց Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Միքայել Դանիելյանը, սակայն, պնդում է, որ անկախ իրավապաշտպան ասելով, հենց նկատի ունի այն, որ պարտավոր չէ իր գնահատականները համաձայնեցնել պաշտոնյաների հետ: Հրապարակած զեկույցում Հելսինկյան ասոցիացիան նշել է, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները երկրում «կոպտորեն խախտվում են», քրեակատարողական հիմնարկներում վիճակը անմխիթար է:

«Վիճակը ոչ թե վատ է, այլ անտանելի է: Երբ 2002 թվականին մենք Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հետ անցկացնում էինք առաջին մոնիթորգը, մեր զեկույցի մեջ գրվել է, որ ՀՀ բանտերում գտնվելը հավասարազոր է խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքը: Նույն մնացել է հիմա», - ասաց Դանիելյանը:

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակը նաեւ հերքեց Դանիելյանի այն հայտարարությունը, թե Արդարադատության նախարարի ցուցումով մինչեւ սեպտեմբեր կասեցվել են բոլոր տեսակի դիտարկումները ազատազրկման վայրերում: Արսեն Բաբայանը մատնացույց է անում հասարակական վերահսկողության դիտորդական խումբը, որի անդամնեը, մամուլի խոսնակի խոսքով, օրվա ցանակացած ժամի անարգել մուտք ունեն քրեակատարողական հիմնարկներ: Հելսինկյան ասոցիացիայի նախագահը, սակայն, համոզված է, որ դիտորդական խմբի զեկույցները հեռու են իրականությունից, քանի որ հրապարակվելուց առաջ համաձայնեցվում են արդարադատության նախարարության հետ:

2004 թվականից դիտորդական խմբի անդամ, «Ժողովրդավարական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց, թե Արդարադատության նախարարությունը որեւէ ազդեցություն է ունենում խմբի հրապարակած զեկույցների բովանդակության վրա, իրավապաշտպանի խոսքով, դիտորդական խումբը ընդամենը մեկնաբանությունենր է խնդրում նախարարությունից:

«Ստանում է մեկնաբանությունները եւ հրապարակում է զեկույցը այնպիսին, ինչպիսին որ կար նախկինում, այսինքն մինչեւ նախարարություն մուտքագրվելը, դրան կից մեկնաբանությունների հետ: Այսինքն եթե տրվում են մեկնաբանությունները, մենք տպագրում ենք նաեւ դրանք: Զեկույցի ոչ մի տառ որեւէ կերպ չի համաձայնվեցում Արդարադատության նախարարության հետ», - ասաց Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG