Մատչելիության հղումներ

logo-print

Անդրանիկ Քոչարյանը Մարտի 1-ի գործով քննչական խմբին մեղադրում է անգործության մեջ


Մարտի 1-ին զոհվածների հարազատները Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, արխիվային լուսանկար

Մարտի 1-ին զոհվածների հարազատները Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, արխիվային լուսանկար

Նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործը քննող «նախաքննական մարմնի ղեկավարը անմիջապես պետք է փոխվի»:

Քոչարյանի այս կարծիքը պայմանավորված է Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի երեկվա հայտարարություններով: Հարությունյանը ասել է, որ Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված առաջընթաց առայժմ չկա, որ նախագահի հանձնարարականից հետո քննչական խումբը 50-ից ավելի մարդու հարցաքննել է, սակայն այդ հարցաքննությունները դրական արդյունք դեռեւս չեն տվել:

«Ապացուցվեց, որ 3 տարի ոչնչով չի զբաղվել եւ որեւէ մտադրություն չունի իրականացնել Մարտի 1-ի բացահայտմանը միտված գործողություններ», - ասաց Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Փաստահավաք խմբի ներկայացուցչի կարծիքով` գործի բացահայտման վերաբերյալ բոլոր հավաստիացումների նկատմամբ արդեն անվստահություն է ձեւավորվում: Նա վկայակոչեց նախ քննչական խմբի ղեկավարի այն հայտարարությունը, որ «Ազատության հրապարակը ազատելու, Մյասնիկյանի արձանի տարածքը զանգվածային միջոցառման մասնակիցներից ազատելու հրաման չի եղել»:

«Նշանակում է այդ հսկայածավալ ուժային միավորները գործել են ինքնագլուխ», - ասաց Քոչարյանը:

Նա նաեւ «շատ վտանգավոր միտում» համարեց մահվան հանգամանքների մասին քննչական խմբի ղեկավարի հայտարարությունները: Վահագն Հարությունյանի պնդմամբ` հաստատվել է, որ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանն ու ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել են զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների արդյունքում: Նա հայտարարել էր, որ Թադեւոսյանը մահացել է զանգվածային անկարգության մասնակիցների կողմից նետված պայթուցիկ սարքի արձակած բեկորների հետեւանքով:

«Թող հանրությանը ներկայացնեն` ինչո՞ւ Համլետ Թադեւոսյանի մարմնից այդպես էլ բեկորները չհանվեցին: Ի՞նչն էր պատճառը: Այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինը չի տվել, եւ, կարծում եմ, որ հետագայում էլ չի տալու, որովհետեւ այդտեղ առեղծվածներ կան, որի բացահայտումը կբերի ամբողջական բացահայտման», - կարծում է Քոչարյանը:

Հարությունյանը Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ասել էր, թե նա զանգվածային անկարգության մասնակցի կողմից արձակած կրակոցից է վիրավորվել, կրակող անձը մինչ կրակելը եւ դրանից հետո նկատվել է, դիպուկահարը նրան հրազենային վնասվածք է պատճառել, սակայն այդ անձին հաջողվել է դեպքի վայրից դիմել փախուստի եւ նրա անձը հայտնաբերելուն ուղղված գործողությունները դեռեւս արդյունք չեն տվել:

Փաստահավաք խմբի նախկին անդամը հայտարարեց, որ սա ապացուցող որեւէ փաստ չկա:

«Եթե նա ասում է ցուցարարն է կրակել, ուրեմն գիտի, թե ո'ր ցուցարարն է կրակել, եւ պարտավոր էր այդ ցուցարարին արդեն կալանավորած լինել», - ասաց Քոչարյանը` Հարությունյանի այս վարկածը որակելով որպես «Գյուլնազ տատի հեքիաթ»:

Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արժանահավատ չէր համարում այդ պնդումները, հայտարարելով, որ իր որդուն կրակելու պահին Լեոյի փողոցի այդ հատվածում միայն ոստիկաններ են եղել մի քանի շարքով կանգնած:

«Ինչքա՞ն ռիսկով է եղել այդ մարդը, որ վիրավոր ոտքով կարողացել է 500 զինվորի, ոստիկանի, ավտոմատավոր սպաների միջով անցնի: Բա իրենք ի՞նչ էին անում այնտեղ, քնա՞ծ էին, որ մի վիրավոր մարդ չեն կարողացել բռնել այդ պահին», - հարցնում է Հարությունյանը:
XS
SM
MD
LG