Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հինգշաբթի օրը 75 կողմ, 14 դեմ քվեներով երրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 10-րդ օրը:

Նոր օրենքով փոխվում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը: ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց 14 օր անց պետք է առաջադրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թեկնածությունները, որոնց առաջադրում են Մարդու իրավունքների պաշտպանը (3 թեկնածու), Փաստաբանների պալատը (2 թեկնածու) եւ Վճռաբեկ դատարանը (2 թեկնածու):

«Եթե ֆորմալ առումով նրանց առաջարկությունները համապատասխանեն օրենքով սահմանված պայմաններին, ապա հանրապետության նախագահը ոչ ուշ, քան 17 օրվա ընթացքում պետք է նրանց նշանակի որպես ԿԸՀ-ի անդամ: Նախագահի հրամանագրի հաջորդ օրը` ժամը 12-ին օրենքի ուժով գումարվում է ԿԸՀ-ի նոր նիստ: Այդ նիստի ժամանակ նրանք կընտրեն հանձնաժողովի նախագահին, տեղակալին, քարտուղարին, հետո ԿԸՀ-ն ձեռնամուխ կլինի իր օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը», - բացատրեց Հարությունյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է. - «Իշխանությունը օրինական հնարավորություն ու լծակ է ունենում կազմավորել լիովին կառավարելի ու հնազանդ ԿԸՀ»: Ըստ ՀԱԿ-ի` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած թեկնածուներ չեն կարող զերծ լինել քաղաքական կողմնորոշումից, քանի որ «նա ոչ միայն գործող նախագահի, այլեւ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն է»: Վճռաբեկ դատարանի մասին էլ ՀԱԿ-ը ասում է. - «Որեւէ մեկին չես համոզի, որ մեր դատական իշխանությունը անկախ է, այն էլ` նախագահականից: Մնում է հուսալ, որ ինքնուրույն ու սկզբունքային թեկնածուներ կառաջադրի Փաստաբանների պալատի նախագահը»: Սակայն այս դեպքում էլ ՀԱԿ-ը կարծում է, որ նրանք ԿԸՀ-ում փոքրամասնություն են լինելու եւ չեն կարողանալու ազդել ԿԸՀ-ի որոշումների վրա:

Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց 50-օրյա ժամկետում ԿԸՀ-ն պետք է ձեւավորի ընտրատարածքային հանձնաժողովները:

ՀԱԿ-ը կարծում է, որ ընտրատարածքային հանձնաժողովների ձեւավորման նոր կարգով «հանրապետությունով մեկ ձեւավորվում է իշխանության կողմից բացարձակ վերահսկելի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ցանց, քանի որ այս հանձնաժողովների անդամներին նշանակում է ԿԸՀ-ը»:

Նոր օրենքով տեղամասային հանձնաժողովների պարագայում խորհրդարանական ուժերն են առաջարկում թեկնածուներին: Այլ դրույթներից բացի այս կարգից դժգոհ է Դաշնակցություն խմբակցությունը, որն այսօր դեմ քվեարկեց նախագծին:

«Հարաբերակցությունը 2-ը 6-ի է այս դեպքում` հոգուտ իշխանության ներկայացուցիչների», - ասաց Դաշնակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այս պնդման հետ:

«Եթե նայենք խորհրդարանի այսօրվա բաշխումը, լինում է 3 խմբակցության ներկայացուցիչ, որոնք այսօր ձեւավորել են կառավարությունը, ինչը չի նշանակում, որ դա հավերժ է, եւ երկու խմբակցության ներկայացուցիչ, որոնք ներկայցնում են խորհրդարանական ընդդիմությունը: Դրանք հարաբերական հասկացություններ են: Հինգ խորհրդարանական խմբակցություն կա, եւ մենք արել ենք կարեւոր մի քայլ. անկախ նրանից, թե խմբակցությունը մեծ է, թե` ոչ, այն ունի հավասար ներկայացվածություն տեղամասային ընտրական հանձնաժողովում», - ասաց Հարությունյանը:

ՀԱԿ-ն էլ դժգոհ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը, որը «երկրում քաղաքական օրակարգ է թելադրում, բացարձակ զրկված է որեւէ հանձնաժողովում ներկայացված լինելու օրենսդրական հնարավորությունից»:

Ի շարս մի շարք չընդունված առաջարկների` Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր Ընտրական օրենսգրքով նախատեսել մատների թանաքոտման տարբերակը: Հարցին, թե ինչո՞ւ չընդունվեց այն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Անձամբ ինձ դուր չի գալիս, երբ իմ մատը նույնիսկ անգույն թանաքով ներկում են»:

Ընտրական օրենսգիրքը 1999 մինչ օրս 14 անգամ է ենթարկվել փոփոխությունների:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG